Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՊՊԾ գնդում ոստիկանի սպանության դրվագով արդարացված Արմեն Բիլյանի վճիռը բեկանվեց․ նա մեղավոր ճանաչվեց և դատապատվեց 25 տարվա ազատազրկման

ՊՊԾ գնդում ոստիկանի սպանության դրվագով արդարացված Արմեն Բիլյանի վճիռը բեկանվեց․ նա մեղավոր ճանաչվեց և դատապատվեց 25 տարվա ազատազրկման
Իրավունք
12:46, 10 декабрь 2021
ՀՀ Վերաքննիչ դատարանն այսօր հրապարակում է 2016 թվականին Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի 10 առանցքային անդամների գործով վճիռը։ 

Դատարանը որոշեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի փետրվարի 24-ի դատավճիռը՝ խմբի անդամներից Արմեն Բիլյանի մասով, բեկանել և փոփոխել։

Հիշեցնենք, որ  ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի մահվան համար մեղադրվող Արմեն Բիլյանը փետրվարին արդարացվել և ազատ էր արձակվել դատարանի դահլիճից:

Դատարանը որոշեց Արմեն Բիլյանին մեղավոր ճանաչել ՀՀ Քր. օրենսքրքի 104-ի  2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 71-րդ կետերով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ և նշանակել պատիժ 18 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման, Քր. օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կարգով հանցանքների համակցությամբ նշանակված պատիժները մասնակի գումարելու եղանակով վերջնական պատիժ նշանակել 25 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։  

Բայց քանի որ Արմեն Բիլյանը նախաքննության ընթացքում 4 տարի վեց ամիս 24 օր կալանքի տակ է գտնվել, դատարանը որոշեց պատժի կրումը թողնել 20 տարի հինգ ամիս վեց օր ժամկետը՝ առանց գույքի բռնագրավման։ Բացի դրանից, դատարանը որոշեց նրա նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը փոխել և նրա նկատմամբ կիրառել կալանավորումը հենց դատարանի դահլիճից։
Հիշեցնենք, որ գնդի գրավման ժամանակ երեք ոստիկան սպանվեց։