Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Այդ ո՞ր երկրի շահն է, կարո՞ղ է Ադրբեջանի գերակա շահն է». Ստյոպա Սաֆարյանն ընդդեմ Իգոր Խաչատուրովի նիստում կրքերը բորբոքվել են

«Այդ ո՞ր երկրի շահն է, կարո՞ղ է Ադրբեջանի գերակա շահն է». Ստյոպա Սաֆարյանն ընդդեմ Իգոր Խաչատուրովի նիստում կրքերը բորբոքվել են
Իրավունք
17:45, 10 декабрь 2021
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մուրադ Հովակիմյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանն ընդդեմ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդու՝ Իգոր Խաչատուրովի և «168 Ժամ»-ի գործով դատական նիստը։ 

Ստյոպա Սաֆարյանն իր ՖԲ էջում այս առնչությամբ գրում է, թե դատավարությունը «չափազանց բուռն անցավ, թեպետ այն նույնպես նախանական դատական նիստի փուլում է ու այսօր քննարկվում էր բեռի բաշխման հարցը։ Այն իր շարունակությունը կունենա նաև ապագայում»:

Հիշեցնենք, որ Ստյոպա Սաֆարյանը պահանջում էր ներողություն խնդրել իր հասցեին վիրավորական արտահայտություններ անելու համար, նաեւ՝ փոխհատուցել ենթադրյալ վնասը՝ պատասխանողներից յուրաքանչյուրից 500.000 դրամի չափով։ Հայցադիմում ներկայացնելու հիմք է հանդիսացել «168 Ժամ»-ի կայքում հրապարակված՝ «Իգոր Խաչատուրովի պատասխանը՝ Ստյոպա Սաֆարյանին» վերտառությամբ հրապարակումը։ Իգոր Խաչատուրովը, պատասխանելով Ստյոպա Սաֆարյանի հայտարարությանը, մասնավորապես նշել էր. «Էս անիմաստ երկար տեքստդ հանկարծ չջնջես, որ պատասխան ես տալու, տող առ տող: Մեկ է, քեզ էդ Անկարայի չվերթին տեղ չեն տալու։ Գնա, մտի շիզոֆրենիկ տիրոջդ փեշի տակից մի բան գտի, խաղա, վայելի իշխանության վերջին կայֆերը ու աշխատիր հանկարծ աչքիս չերևաս»։ 

Այսօրվա դատական նիստի ժամանակ քննարկվել է ապացուցման բեռի բաշխման հարցը: Իգոր Խաչատուրովի շահերի պաշտպան Անահիտ Սարգսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ զրպարտության եւ վիրավորանքի գործերով կան Վճռաբեկ դատարանի նախադեպեր, թե որ փաստի ապացուցման բեռը որ կողմն է կրում: Մասնավորաբար, հայցվորը պետք է ապացուցի, որ եղել են արտահայտություններ, որոնք արատավորել են հայցվորի պատիվն ու արժանապատվությունը, որ պատասխանողը դիտավորություն է ունեցել նսեմացնել հայցորի պատիվն ու արժանապատվությունը եւ, որ արված արտահայտությունները եղել են հրապարակային: Զրպարտության մասով այս բեռը չկա, վիրավորանքի մասով պարտադիր է: Տվյալ գործը վիրավորանքին է առնչվում: 

Անահիտ Սարգսյանի փոխանցմամբ, հայցվոր կողմն առարկել է այս տարբերակին՝ ասելով, որ իրենք պարտավոր չեն ապացուցել, Իգոր Խաչատուրովի ասածները պետք է ընդունել փաստ, քանի որ դրանք հնչել են հրապարակային: Անահիտ Սարգսյանն ասաց, որ դատարանում պնդել է՝ իրենք չեն ընդունում, որ Իգոր Խաչատուրովը հրապարակային է ասել եւ,  որ միջազգային եւ տեղական օրենսդրության համաձայն, հրապարակայնության ապացուցման բեռը պետք է կրի հայցվորը. «Իրենք ծանր տարան այդ փաստը: Ես, հստակ շարադրեցի իմ դիրքորոշումը՝ ապացուցման բեռի բաշխման վերաբերյալ. պատասխանողը պետք է ապացուցի, որ իր հայտարարությունը կատարելիս առկա է եղել հանրային գերակա շահ, այդ դեպքում, անգամ եթե զրպարտություն եւ վիրավորանք է եղել, անձը ազատվում է պատասխանատվությունից: Մենք պնդում ենք, որ հայտարարությունը կատարելիս առկա է եղել հանրային գերակա շահ եւ  մենք դա կապացուցենք: Ստյոպա Սաֆարյանն այդ ժամանակ կանգնեց եւ ասաց՝ թող ասի այդ ո՞ր երկրի շահն է, կարո՞ղ է Ադրբեջանի գերակա շահն է: Ես էլ ասացի, որ թե Իգոր Խաչատուրովը, թե նրա հայրը՝ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, թե եղբայրը՝ գեներալ-գնդապետ Գրիգորի Խաչատուրովը եւ իրենց ընտանիքն իրենց ապրած կյանքով են ապացուցել, որ իրենց համար կարեւորը Հայաստանի շահն է, ինչը հնարավոր է, որ չկարողանանք ասել Ստյոպա Սաֆարյանի վերաբերյալ»:

Թե դատարանն ինչպես կբաշխի ապացուցման բեռը՝ պարզ կլինի առաջիկայում:

Հաջորդ նիստը կկայանա 2022 թվականի մարտի 14-ին 15.00-ին: