Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պարեկները կոկաինի իրացման դեպք են բացահայտել. մեկ անձ ձերբակալվել է. Տեսանյութ

Դեկտեմբերի 12-ին պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու դեպք բացահայտվեց:

Երեկոյան Հրազդանի կիրճում շրջայցի ժամանակ ոստիկանները կասկածելի երիտասարդի էին նկատել և, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին: 

Բերման ենթարկվածը Արմավիրի մարզի Խորոնք գյուղի բնակիչ էր` 23-տարեկան: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին 8 փաթեթ սպիտակ փոշենման զանգված, գաղտնի փականով դանակ, ատրճանակի նմանվող առարկա, որը կրակայրիչ էր։

Նախնական տվյալներով՝ հայտնաբերվածը կոկաին է, որը երիտասարդը իրացնում էր Տելեգրամ կայքի միջոցով:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Բերման ենթարկված անձը ձերբակալվել է:

Հանգամանքները պարզվում են։