Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատապարտյալների տեղաբաշխման հանձնաժողովի որոշումները չեն պատճառաբանվում և խախտում են մարդու իրավունքները. ՄԻՊ

Դատապարտյալների տեղաբաշխման հանձնաժողովի որոշումները չեն պատճառաբանվում և խախտում են մարդու իրավունքները. ՄԻՊ
Իրավունք
11:12, 11 март 2021
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի գործունեությունը  դատապարտյալների համար առաջացնում է խնդիրներ՝ հարցերը լուծելու փոխարեն, գրում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր էջում։

« Այս վիճակն անթույլատրելի է:

Մասնավորապես, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին մի քանի տարի շարունակ բողոքներ են հասցեագրվում, որոնք նույնաբովանդակ են և վերաբերում են  հանձնաժողովի որոշումներին, դրանց հիմնավորվածության ու պատճառաբանվածությանը։ Խոսքը վերաբերում է նաև միևնույն իրավիճակներում իրարից խիստ տարբերվող ու կամայական որոշումներ կայացնելու բողոքներին:

Տեղաբաշխման հանձնաժողովի գործունեության կապակցությամբ առկա են օրենսդրական և գործնական խնդիրներ, մասնավորապես՝
1) պատժի կրման նպատակով ուղղիչ հիմնարկը որոշելիս կամ փոխելիս հաշվի չի առնվում անձի մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը.

2) Տեղաբաշխման հանձնաժողովի որոշումները հիմնականում պատճառաբանված չեն. 

3) քրեակատարողական օրենսդրությամբ հստակ կարգավորված չեն Տեղաբաշխման հանձնաժողովի գործունեության սկզբունքները և տեղաբաշխման հիմքում դրվող չափանիշները, օրինակ՝ ազատությունից զրկված անձի՝ մերձավոր ազգականներին հնարավորինս մոտ տեղաբաշխվելու առաջնայնությունը՝ որպես անձի վերասոցիալականացման կարևոր գործոն:

Այս խնդիրները բարձրացվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2017, 2018 և 2019 թվականների գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցներում: Դրանք արտացոլվելու են նաև 2020 թվականի գործունեության վերաբերյալ զեկույցում: 

Թեև 2020 թվականին ընդունվել է ՀՀ արդարադատության նախարարության հրամանով հաստատված Տեղաբաշխման հանձնաժողովի գործունեության կարգում փոփոխություններ և լրացումներ նախատեսող, ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված նախագիծը, վերոնշյալ խնդիրները լուծում չեն ստացել, ինչի մասին են վկայում նաև 2020 և 2021 թվականներին ազատությունից զրկված անձանց կողմից Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բողոքները կապված Տեղաբաշխման հանձնաժողովի անհիմն, չպատճառաբանված և համանման իրավիճակներում տարբեր որոշումների կայացման հետ:

Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ առկա վիճակն անթույլատրելի է. օրենսդրությունը պետք է հստակ կարգավորի, թե ինչ հանգամանքներ են հաշվի առնվում քրեակատարողական հիմնարկը, ինչպես նաև ուղղիչ հիմնարկի տեսակը (ռեժիմը) փոխելիս, և ինչ չափանիշներով է որոշվում մեկուսացվածության աստիճանի նպատակահարմարությունը: Սա պետք է հստակ լինի հենց դատապարտյալների համար, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան կանխատեսել իրենց կողմից դրսևորած վարքագծի հետևանքները՝ կապված ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու հետ:

Օրենսդրական կարգավորումների թերությունները, ինչպես նաև Տեղաբաշխման հանձնաժողովի որոշումների պատճառաբանվածության ուղղակի պահանջի բացակայությունը չի կարող որևէ կերպ արդարացնել Տեղաբաշխման հանձնաժողովի բացարձակ հայեցողությունն ու բացառել վերջինիս հաշվետվողականությունը: Դա մեծացնում է մարդու իրավունքների խախտումների և կամայականության ռիսկերը:

Հիշեցնենք, որ Տեղաբաշխման հանձնաժողովը քննարկում է դատապարտյալների՝ օրենքով սահմանված կարգով պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը որոշելու, ինչպես նաև հիմնարկի տեսակը փոխելու հարցերը»։