Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գագիկ Բեգլարյանն անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով

Գագիկ Բեգլարյանն անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով
Իրավունք
13:44, 20 декабрь 2021
Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն ու նրա ընտանիքն անցնում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ Այդ մասին տեղեկանում ենք «Ազդարար» հրապարակային ծանուցումների հարթակից։

Ըստ ծանուցման՝ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունում նրանց պատկանող գույքերի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, և արդյունքում կազմվել ամփոփագիր։ Գագիկ Բեգլարյանը, նրա կինը՝ Նունե Նիկոլյանը, զավակները՝ Հրանտ և Նատելլա Բեգլարյանները, դեկտեմբերի 27-ին հրավիրվել են դատախազություն՝ գործի նյութերին ծանոթանալու և դիրքորոշում ներկայացնելու նպատակով։ Նունե Նիկոլյանին, Հրանտ Բեգլարյանին և Նատելլա Բեգլարյանին պատկանող գույքերը, ըստ դատախազության, հանդիսանում են բռնագանձման ենթակա։

2020-ի մարտին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ Բեգլարյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով ու պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, յուրացրել է Երևանի Կենտրոնում՝ Թամանյան փողոցում գտնվող մանկապարտեզը՝ 233.4 միլիոն դրամ արժողությամբ։ Ըստ ԱԱԾ-ի՝ Երևանի ավագանու և քաղաքապետ եղած ժամանակվա իր համապատասխան որոշումներով Բեգլարյանը 228 քառակուսի մակերեսով մանկապարտեզի տարածքն ընդամենը 23 միլիոն դրամով օտարել էր սեփական որդուն՝ Հրանտ Բեգլարյանին։ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, իսկ այս տարվա մայիսին նա վերադարձել էր ՀՀ՝ դատախազության դեպոզիտ հաշվին փոխանցելով պատճառված վնասը։ Եվս 50 միլիոն դրամ Բեգլարյանը վճարել էր խափանման միջոց գրավի համար։

Գագիկ Բեգլարյանի կնոջ՝ Նունե Նիկոլյանի անունով է Երևանի «Մոնումենտ»-ում գտնվող առանձնատներից մեկը։ Ինչպես 2018-ին գրել էր «Հետք»-ը, այդ առանձնատունը Հայաստանի ամենաբարձր արժեքով երկրորդ առանձնատունն էր՝ կադաստրային 398 միլիոն դրամով։ Առանձնատան հողը Նիկոլյանը ձեռք էր բերել 2004-2005 թվականներին, երբ Գագիկ Բեգլարյանը Կենտրոնի թաղապետ էր։ Բեգլարյանների այս առանձնատան դիմաց է գտնվում նրանց որդու՝ Հրանտ Բեգլարյանի անունով գրանցված հողամասը՝ 7462 քառակուսի մետր մակերեսով։ Այս հողի համար Բեգլարյանը Երևանի քաղաքապետարանին վճարել էր մոտ 250 միլիոն դրամ։ Հրանտ Բեգլարյանը նախկինում նաև Կենտրոն վարչական շրջանի համայնքապետի տեղակալն էր։

Բեգլարյանի փաստաբան Հրանտ Անանյանը «Լուրեր»-ի հետ զրույցում, խոսելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի մասին, ասաց. «Բառացիորեն 1-2 օր առաջ ենք ստացել ծանուցումը դատախազության կողմից։ Պիտի ծանոթանանք նյութերին, որ դիրքորոշում ունենանք։ Բովանդակության ու գույքերի մասին դեռ ոչինչ չգիտենք»։

«Ազդարար»-ից նաև տեղեկանում ենք, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցով նշանակվել է առաջին դատական նիստը, որը վերաբերում է ԱԱԾ նախկին գնդապետ Սերոբ Հարությունյանին ու նրա ընտանիքի գույքին։ Նիստը նշանակվել է հունվարի 10-ին՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում։ Այս գործով բռնագանձման ենթակա է Հարությունյանի՝ Հյուսիսային պողոտայում գտնվող տունը, ավտոկայանատեղիները, Չեխով փողոցում գտնվող բնակարանը, ավտոմեքենաները, «Օրանժ գազ» ընկերությունում ունեցած բաժնեմասերը։