Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչական դատարանի դատավոր Արշակ Ալավերդյանը ենթարկվեց կարգապահական պատասխանատվության

Վարչական դատարանի դատավոր Արշակ Ալավերդյանը ենթարկվեց կարգապահական պատասխանատվության
Իրավունք
16:05, 20 декабрь 2021
ԲԴԽ-ն այսօր որոշեց  բավարարել դատավորների ընդհանուր ժողովի,  էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի՝ Վարչական դատարանի դատավոր Արշակ Ալավերդյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը։
Համաձայն որոշման՝ դատավորին հայտարարվեց խիստ նկատողություն։

Որոշումն ընդունվել է միաձայն։ 

Նշենք, որ ըստ միջնորդության հիմնավորման՝ դատավորի կողմից  թույլ են տրվել  «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 8-րդ կետերով, ինչպես նաև 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով սահմանված կանոնների խախտումներ:

Նշենք, որ դիմողը պնդել էր, որ դատավորը միևնույն ներկայացուցչի մասնակցությամբ վարչական գործերով վճիռները հրապարակելուց հետո ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված ժամկետներում դատավարության մասնակիցներին չհանձնելով՝ խախտել է նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 8-րդ կետերի և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջները. նշված վարչական գործերով կայացրած վճիռները, հրապարակելուց հետո տևական ժամանակ չուղարկելով դատավարության մասնակիցներին, դրսևորել է դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ, վտանգել, կասկածի տակ է առել դատավորի անկախությունը և անաչառությունը, ինչպես նաև վնաս հասցրել արդարադատության շահերին:
Դիմողը նաև պնդում է, որ դատավորի կողմից դատավարական իրավունքի նորմի և վարքագծի կանոնների խախտումը թույլ է տրվել դիտավորությամբ: