Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով նիստում հրապարակվեցին ապացույցները

Դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով նիստում հրապարակվեցին ապացույցները
Իրավունք
18:52, 20 декабрь 2021
ԲԴԽ-ում շարունակվում է արդարադատության նախարարության միջնորդության վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով քննությունը։

 Հիշեցնենք, որ դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանի հաղորդման հիման վրա։ 

Այսօրվա նիստում դատավոր Զարուհի Նախշքարյանի պաշտպան Սիրանուշ Սահակյանը միջնորդեց վկաներ հրավիրվել։ 

«Խնդրո առարկա կարգապահական վարույթի շրջանակներում ԲԴԽ-ի առջև բարձրաձայնված հարցերից մեկն ըստ էության այն է, թե արդյոք դատավոր Նախշքարյանը դո՞ւրս է եկել հայցի առարկայի և հիմքերի սահմաններից, և «ես կարող եմ գալ նույնքան լկտի, որքան դուք ներխուժել ձեր բնակարան» արտահայտության մեջ լկտի բառին գնահատական տալիս այդ բառը դիտարկել են նախադասության լեզվաբանական համատեքստում, և այդ առումով գնահատական է տրվել նաև «ներխուժել» բառին։ Հաշվի առնելով  այն հանգամանքը, որ նշված հարցի պարզաբանման առումով կարևոր են, թե ինչպես են այն ընկալել թիվ ԵԴ 39 555 02 19 քաղաքացիական գործով կողմերը՝ հայցվոր Թագուհի Ասլանյանը և պատասխանող Ստյոպա Սաֆարյանը, մասնավորապես կոնկրետ որ արտահայտություններն է հայցվորը համարել վիրավորական և ըստ այդմ դիմել դատական պաշտպանության, և ինչպե՞ս է պատասխանողն ընկալել իր ներկայացրած հայցը՝ միջնորդում եմ սույն գործով որպես վկա հրավիրել  Թագուհի Ասլանյանին և Ստյոպա Սաֆարյանին»,- ասաց Սիրանուշ Սահակյանը։

Սահակյանը ներկայացրեց նաև երկրորդ միջնորդությունը, որը վերաբերում է լեզվաբանական փորձաքննություն նշանակելուն։ Նա միջնորդեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման վերաբերյալ գործով նշանակել լեզվաբանական փորձաքննություն, փորձագետին ներկայացնել առնվազն հետևյալ հարցերը՝ «ես կարող եմ գալ նույնքան լկտի, որքան դուք, ներխուժել ձեր բնակարան» նախադասության մեջ ինչ քերականական իմաստ ունի՞ լկտի բառը, և երկրորդը՝ հնարավո՞ր է  արդյոք նշված նախադասության մեջ օգտագործված լկտի բառին տալ որևէ արժեքային գնահատական ինքնին՝ առանց հաշվի առնելու դրա լեզվաբանական համատեքստը և մասնավորապես, այդ բառի քերականական կապը «ներխուժել» բառի հետ։ 

Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանը, ներկայացնելով իր դիրքորոշումը միջնորդության վերաբերյալ, խնդրեց մերժել այն։ Երկու միջնորդությունների մասով էլ ԲԴԽ-ն որոշել է հետաձգել դրանց քննարկումը։           
Այնուհետև սկսեցին հրապարակվել գործում առկա ապացույցները։