Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միջազգային կազմակերպություններին մասնակցությունը կասեցրած «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Գևորգյանը միջնորդել է դատարանին թույլ տալ մեկնել Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ վեհաժողովին

Միջազգային կազմակերպություններին մասնակցությունը կասեցրած «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Գևորգյանը միջնորդել է դատարանին թույլ տալ մեկնել Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ վեհաժողովին
Իրավունք
14:53, 21 декабрь 2021
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, շարունակվեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի՝ 3 մլն դոլար կաշառք վերցնելու մեղադրանքով գործի քննությունը։
Դատավորը տեղեկացրեց, որ դատարան է ստացվել Արմեն Գևորգյանի միջնորդությունը ՀՀ-ից ժամանակավորապես բացակայելու վերաբերյալ։

Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը, ներկայացնելով միջնորդությունը, ասաց, որ  2022 թվականի հունվարի 22-24-ը Ստրասբուրգ քաղաքում պետք է տեղի ունենա ԵԽԽՎ վեհաժողովի հերթական նիստը, և կոնկրետ Արմեն Գևորգյանի մասնակցությունը կարևոր է այնքանով, որքանով նա հանդիսանում է Հայաստանի ընդդիմադիր ուժերին ներկայացնող  հիմնական ներկայացուցիչ- պատվիրակության անդամ. «Ուստի խնդրում ենք դատարանին թույլատրել Արմեն Գևորգյանին մեկնել Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ վեհաժողովի աշխատանքներին, և  նշված օրերին նիստեր չնշանակել և սահմանային տեղաշարժի արգելքը հանել»։ 

Պաշտպանության կողմը միացավ այս միջնորդությանը, իսկ մեղադրող կողմից դատախազ  Գևորգ Բաղդասարյանն առարկեց միջնորդության դեմ։ 

Նա մի արձանագրում արեց, որ այդ նիստին մասնակցելու համար ԱԺ նախագահի տեղակալի գրությամբ առաջարկվել էր թեկնածու առաջադրել, որից հետո առաջարկվել է Արմեն Գևորգյանի թեկնածությունը։ Նա նշեց, որ հիմա չեն քննարկելու, թե ինչու են Արմեն Գևորգյանի թեկնածությունն առաջադրել, բայց փաստարկել, որ դա պարտադրված է՝ այդքան էլ այդպես չի, համենայնդեպս այդ գրությունից այդպես է հասկացվում։

«Ինչ վերաբերում է հունվարի 22-24-ը հանրապետությունից մեկնելուն, ապա դրա հետ կապված ներկայացված հիմնավորումները խեղաթյուրում են ՍԴ որոշումը, որն այս հարցին որևէ կերպ չի վերաբերում»,- ասաց դատախազն ու հավելեց, որ միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման։
 
Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին «Հայաստան» դաշինքը հայտարարել էր, որ կասեցնում է իր մասնակցությունը բոլոր միջազգային կազմակերպություններին և չի մասնակցելու Հայաստանից դուրս կազմակերպվող նիստերին: