Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայտարարատուների նկատմամբ հարուցվել են 42 վարչական իրավախախտումների վարույթներ, 5 նյութ ուղարկվել է Գլխավոր դատախազություն. ԿԿՀ անդամ

Հայտարարատուների նկատմամբ հարուցվել են 42 վարչական իրավախախտումների վարույթներ, 5 նյութ ուղարկվել է Գլխավոր դատախազություն. ԿԿՀ անդամ
Իրավունք
14:10, 28 декабрь 2021
«2021 թվականի ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից հայտարարատուների նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 161 և 28-րդ հոդվածների տարբեր մասերով հարուցվել են թվով 42 վարչական իրավախախտումների վարույթներ, որոնցից 30-ը՝ հայտարարագրերը սահմանված ժամկետում չներկայացնելու հիմքով, 10-ը՝ հայտարարագրերում անզգուշությամբ կամ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու հիմքով, իսկ 2-ը՝ հայտարարագրերի լրացման պահանջների խախտման հիմքով»,- այսօր՝ դեկտեմբերի 28-ին, «Մեդիա կենտրոնում» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գրանցած արդյունքների վերաբերյալ 2021 թվականը ամփոփելիս նշեց հանձնաժողովի անդամ Նարեկ Համբարձումյանը:

Նա նշեց, որ հայտարարագրերի վերլուծության արդյունքներից ելնելով՝ 5 նյութեր ուղարկվել են Գլխավոր դատախազություն. «Երկուսի դեպքում հայտարարատուները չեն ներկայացրել պարզաբանումներ հայտնաբերված անհամապատասխանությունների վերաբերյալ: Երկու դեպքում պարզվել է, որ հայտարարատուները ստացել են 3 մլն դրամից ավելի գումարի նվիրատվություն կանխիկ եղանակով, իսկ 1 դեպքում հայտարարագրման տվյալները թաքցնելու կամ կեղծ տվյալներ ներկայացնելու առերևույթ խախտման հիմքով»:

Նարեկ Համբարձումյանի խոսքով՝ բացի դրանից, հանձնաժողովի կողմից հանրային պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ հարուցվել է թվով 3 վարույթ անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով: