Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Վարդազարյանը իրավասություն չուներ ստեղծել ավելորդ ինտրիգ»․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ

«Վարդազարյանը իրավասություն չուներ ստեղծել ավելորդ ինտրիգ»․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ
Իրավունք
15:35, 12 март 2021
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը երեկ, ArmLur-ի հետ զրույցում, անդրադառնալով իր կնոջը ՀՔԾ հարցաքննության հրավիրելուն, ասել էր, թե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, խախտելով առնվազն 3 օրենսդրական նորմ, իր վերաբերյալ նյութեր է ուղարկել դատախազություն, որոնք էլ  դատախազությունն ուղարկել է ՀՔԾ։ ՀՔԾ-ում էլ հարուցվել է քրեական գործ:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանից այսօր Civic.am-ը հետաքրքրվեց, թե ի՞նչ նյութերի մասին է խոսքը․ «Մենք դա չեն կարող հրապարակել առաջին հերթին, նույնիսկ պարոն Վարդազարյանն էլ այդ իրավասությունը չուներ։ Եթե ինքը նույնիսկ գտնում է, որ ինչ-որ խնդիրներ կան, օրենսդրության համապատասխան չեն եղել, դրա համար պետական մարմինը կարող է դիմել մեկ այլ պետական մարմնի գործողությունների մասով դատարան․ դա հանրային հրապարկման տիրույթում առայժմ քննարկման ենթակա հարց չէ, նախաքննական գաղտնիք է»,- ի պատասխան՝ ասաց հանձնաժողովի նախագահը։

Նա հավելեց, որ եթե նույնիսկ կա ինչ-որ գործողությունների օրինականության նկատմամբ կասկած, վեճ, պետք է դիմի համապատասխան մարմին․ «Ոչ թե դա այսպես ասած «շպրտում են», ստեղծում ինչ-որ ավելորդ ինտրիգ, այլ դա տանում են համապատասխան իրավասություն ունեցող մարմնի առաջ՝ գրագետ, պրոֆեսիոնալ՝ որպես վեճի առարկա», - նշեց Հարությունյանը։

Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը մեզ հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել, թե ի՞նչ քրեական գործ է հարուցվել, ում դեմ է ուղղված և որ հոդվածներով։ 

Գեղամ Ադյան