Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանի կողմից դատավորին ներկայացրած բացարկի միջնորդությունը

Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանի կողմից դատավորին ներկայացրած բացարկի միջնորդությունը
Իրավունք
12:48, 13 январь 2022
Այսօր՝ հունվարի 13-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի» քաղաքացիական հայցով դատական նիստը։   

Դատական նիստին ներկա էին հայցվորի և պատասխանողի ներկայացուցիչները՝ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը և ՀՀ վարչապետի ներկայացուցիչ Դավիթ Հունանյանը։

Նշենք, որ Հայկ Ալումյանը դատավոր Սերգեյ Սահակյանին բացարկի միջնորդություն էր ներկայացրել։ Այսօր դատարանը մերժեց դատավորին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը։ 

Դատավոր Սերգեյ Սարգսյանը նախորդ նիստում հայտարարել էր, որ հայցում Պատասխանողն ամբողջականությամբ ներկայացված չի․ «Նկատի ունենալով, որ հայցը՝ ոչ նյութական վնասի մասով վերաբերում է նրան, որ բավարարման դեպքում ՀՀ-ի մոտ ֆինանսական պարտավորություններ կառաջանա՝ առաջարկում եմ ֆինանսների նախարարությանը ներգրավել սույն գործով որպես պատասխանող»,-ասաց դատավորը։  

Ի պատասխան այս առաջարկի Հայկ Ալումյանն ընդգծեց, որ Ֆինանսների նախարարությունը քաղաքացիաիրավական սուբյեկտ չի․ «Իմ պահանջը կրում է քաղաքացիաիրավական բնույթ։ Քաղաքացիաիրավական սուբյեկտներ են քաղաքացիական անձինք, իրավաբանական անձինք, ՀՀ-ն և համայնքները։ Թե ով հանդես կգա համայնքի անունից դատարանում հայցվորը չի որոշում, երբ համայնքի դեմ հայց է ներկայացնում»,-ասաց Ալումյանն ու պարզաբանեց, որ հայցը չի ներկայացվում ընդդեմ համայնքի որևէ վարչության, որովհետև համայնքը մեկն է, և համայնքն է որոշում թե որ վարչությունից ներկայացուցիչ հանդես գա դատարանում․ «Հայաստանի հանրապետությունը ևս մեկն է, և նրա դեմ 4 սուբյեկտ կա քաղաքացիական իրավունքի՝ ֆիզիկական անձինք, իրավաբանական անձինք, համայնքները և ՀՀ-ն։ Եթե ՀՀ-ն պետք է որոշի ով այստեղ գա պատասխանի, ուրեմն ՀՀ-ն թող որոշի ի դեմս այն մարմնի ով այդ որոշումը կայացնելու իրավունք ունի։ Իմ այլ հայցերով, որոնք ՀՀ-ի դեմ են եղել որևիցե պետական մարմնի ներկայացուցիչ է եկել պատասխանելու, բայց ես չեմ որոշել, թե որ պետական մարմինը պետք է գա։ Պատկերացնում եք, որ ես հայց ներկայացնեմ ինչ-որ ՍՊԸ-ի դեմ ի դեմս տնօրենի»։

Դատավոր Սերգեյ Սահակյանն էլ արձագանքեց՝ դուք ՍՊԸ-ն համեմատում եք ՀՀ-ի հե՞տ։

«Ես ՀՀ-ի հետ չեմ համեմատում քաղաքացիական իրավունքի սուբյեկտների հետ եմ համեմատում, որ ոչ մեկը չի կարող որոշել թե այդ սուբյեկտի անունից ով կգա դատարան»,-արձագանքեց Ալումյանը։

Հիշեցնենք, որ Հայկ Ալումյանն առարկում է փաստաբան Դավիթ Հունանյանի կողմից ՀՀ-ի շահերը ներկայացնելու փաստին, չնայած նրան, որ լիազորագիրը փաստաբանին տրվել է ՀՀ վարչապետի կողմից։ Հայկ Ալումյանն ընդգծում է, որ այդ հայցով Նիկոլ Փաշինյանը որպես ֆիզիկական անձ է հանդես գալիս։

Նիստը շարունակվում է, այս նիստում կներկայացվի հայցի բովանդակությունը։

Նշենք, որ հայցվոր կողմն իր հայցադիմումով պահանջել է հերքել Նիկոլ Փաշինյանի կողմից 2021թ․ մարտի 1-ին հանրահավաքի ժամանակ արված հայտարարությունը և հօգուտ Քոչարյանի բռնագանձել 2 մլն ՀՀ դրամ: