Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչն առարկեց Ռոբերտ Քոչարյանի ներկայացրած հայցի դեմ

Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչն առարկեց Ռոբերտ Քոչարյանի ներկայացրած հայցի դեմ
Իրավունք
14:24, 13 январь 2022
«2021թ. մարտի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հանրահավաքի ժամանակ Ռոբերտ Քոչարյանին հասցեագրված հայտարարությունները խախտել են Ռոբերտ Քոչարյանի «Մարտի 1-ի» գործով արդար դատաքննության իրավունքը»,-  այսօր՝ հունվարի 13-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ-ի» քաղաքացիական հայցով դատական նիստի ժամանակ ասաց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։   

Հայցվոր կողմը պնդում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարության ոչ թե առանձին մասեր, այլ ամբողջ հայտարարությունն է զրպարտություն, և պահանջում է Նիկոլ Փաշինյանից բռնագանձել 2 մլն ՀՀ դրամ հայցվորին պատճառած զրպարտության համար, ինչպես նաև ՀՀ-ից հօգուտ Ռոբերտ Քոչարյանի բռնագանձել 2-ական մլն ՀՀ դրամ՝ արդար դատաքննության իրավունքի խախտման արդյունքում պատճառված ոչ նյութական վնասի հատուցման համար։ Հայկ Ալումյանը նշեց, որ հայցում նաև պահանջ կա, որ դատարանը պարտավորեցնի պատասխանող Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն հերքել  2021թ. մարտի 1-ին Հանրապետության հրապարակում Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հնչեցրած հայտարարությունը և հերքումը տարածել ՀՀ կառավարության պաշտոնական «Յութուբ» ալիքով, ՀՀ վարչապետի պաշտոնական կայքով, պատասխանող Նիկոլ Փաշինյանի ՖԲ էջի միջոցով, Հանրային հեռուստաընկերության լուրերի «Յութուբ» ալիքով, Առաջին ԹՎ-ի «Յութուբ» ալիքով, Ազատության «Յութուբ» ալիքով, 168.am-ի և «Փաստինֆո», News.am և այլ լրատվամիջոցներով։ 

Դատավորը հետաքրքրվեց՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը հանրահավաքին երբ հնչեցրել է Ռ. Քոչարյանի վերաբերյալ հայտարարությունները, հանդես է եկել որպես վարչապե՞տ։ Ի պատասխան այս հարցի՝ Հայկ Ալումյանն արձագանքեց. «Ես կճշտեմ՝ ինքը որպես ով է հանդես եկել, որովհետև ինքը չի ասել՝ ես այս հայտարարությունն անում եմ որպես վարչապետ, բայց հավաքվածները՝ բոլորը գիտեին, որ ինքը վարչապետ է։ Բայց այս դեպքում պաշտոնատար անձ Նիկոլ Փաշինյանի կողմից խախտվել է իմ վստահորդի անմեղության կանխավարկածը»: Ալումյանն ընդգծեց, որ վարչապետի հայտարարությունը հրապարակվել է կառավարության «Յութուբյան» էջում։ 
   
Պատասխանողի ներկայացուցիչ Դավիթ Հունանյանն առարկեց հայցի դեմ։ Նրա խոսքով՝ հասկանալի չէ հայցի հիմքում ընկած փաստերը՝ առարկան, որից պետք է պաշտպանվի պատասխանողը: «Ես այդպես էլ չհասկացա, թե անմեղության կանխավարկածը որ պետական մարմինը, որ տեղական ինքնակառավարման մարմինը կամ դրանց որ պաշտոնատար անձն է խախտել։ Ավելին՝ հայցի մեջ նշված է, որ անմեղության կանխավարկածը խախտվել է հրապարակում համապատասխան ելույթով։ Եթե ամբողջ ելույթն է զրպարտություն, այլ ոչ թե առանձնացված մասը, ես ինքս առարկություններ ունեմ ներկայացնելու դատարանին»,- ասաց Դավիթ Հունանյանն ու նշեց, որ իրեն ժամանակ է պետք ամբողջ ելույթն ուսումնասիրելու և առարկություններ ներկայացնելու համար։ Փաստաբանը միջնորդեց ընդմիջել դատական նիստը, սակայն հայցվորի ներկայացուցիչ Հայկ Ալումյանն առարկեց։

Դատավոր Սերգեյ Սահակյանն էլ Հայկ Ալումյանին ասաց, որ հայցում ընդգծված են առանձին արտահայտություններ, սակայն դատարանում նշվեց, որ ամբողջ ելույթն է զրպարտչական և ոչ թե առանձին հատվածները. «Հետևաբար դատարանի մոտ տպավորություն է, որ Դուք դատարանում հստակեցրիք Ձեր մոտեցումը»։  

Դատարանը բավարարեց պատասխանող կողմի միջնորդությունը՝ ընդմիջելու դատական նիստը այն պատճառաբանությամբ, որ  հայցի հիմքը և առարկան պարզելու ընթացքում նաև դատարանի համար ակնհայտ դարձավ, որ հայցվոր կողմը զրպարտություն է դիտարկում հայցում ներկայացված ամբողջ ելույթը։

Դատական հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 28-ին, ժամը 11։00-ին։