Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոտ կես մլրդ դրամի հափշտակության մեջ մեղադրվող Սերժ Սարգսյանի և մյուսների գործը մտավ դատաքննության փուլ․ ուղիղ

Մոտ կես մլրդ դրամի հափշտակության մեջ մեղադրվող Սերժ Սարգսյանի և մյուսների գործը մտավ  դատաքննության փուլ․ ուղիղ
Իրավունք
14:32, 13 январь 2022
Այսօր՝ հունվարի 13-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի և գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանի գործով հերթական դատական նիստը։

Գործի քննությունը փաստաթղթերի հետազոտության փուլում է։ 

Նշենք, որ այս գործով, բացի վերոնշյալ անձանցից, ամբաստանյալի կարգավիճակ ունեին նաև գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը և նրա տեղակալ Սամվել Գալստյանը։ Ցուցմունք տված երկու ամբաստանյալներն էլ մահացել են։ 

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը մեղադրվում է ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ իր նախագահության տարիներին պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափի գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակություն կատարելու համար։ 

«Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը մեղադրվում է այն բանի համար, որ դրդել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին՝ հողօգտագործողներին 2013թ. գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութ ձեռք բերելու նպատակով պետական աջակցության ծրագրի իրականացման ընթացքում կատարել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդում գտնվող 489,160,310 ՀՀ դրամի վատնում։

Գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանը մեղադրվում է 489,160,310 ՀՀ դրամի հափշտակություն կատարող պաշտոնատար անձանց օժանդակելու համար։