Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պատմություն մի սարքեք»․ Վերաքննիչը հոկտեմբերին մերժել է «քեզ շանսատակ անողին հերոսի կոչում են տալու» բռնության կոչի հեղինակի արդարացման դեմ բողոքը, սակայն կողմերին վճիռը դեռ չի ուղարկել

«Պատմություն մի սարքեք»․ Վերաքննիչը հոկտեմբերին մերժել է «քեզ շանսատակ անողին հերոսի կոչում են տալու» բռնության կոչի հեղինակի արդարացման դեմ բողոքը, սակայն կողմերին վճիռը դեռ չի ուղարկել
Իրավունք
18:16, 13 январь 2022
Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել վարչապետի դեմ բռնության կոչ հնչեցնելու համար մեղադրվող «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի արդարացման դատավճիռը։ Այս մասին Civic.am-ին տեղեկացրեց Արամ Հարությունյանի փաստաբան Սերգեյ Հարությունյանը և հավելեց, որ դեռևս փաստաթղթային տարբերակով այն չի ստացել: «Վերաքննիչ քրեական դատարանը թողել էր անփոփոխ առաջին ատյանի դատարանի դատավճիռը, որով Արամ Հարությունյանը ճանաչվել էր անպարտ և անմեղ՝ արդարացվել էր։ Դատավճիռը հրապարակվել է հոկտեմբերի 26-ին»,- ասաց փաստաբանը։ 

Թեպետ Վերաքննիչ քրեական դատարանը որոշումը հրապարակել է հոկտեմբերի 26-ին, սակայն մինչ օրս դատական տեղեկատվական համակարգում այդ մասին որևէ տեղեկություն չկա։ 

Վերաքննիչ քրեական դատարանի սույն քրեական գործով նախագահող դատավոր Մխիթար Պապոյանի աշխատակազմից փորձեցինք ճշտել տեղեկության հավաստիությունը, որտեղից էլ մեզ պատասխանող, սակայն չներկայացող անձը նշեց, որ քիչ առաջ Արամ Հարությունյանի պաշտպանի հետ է խոսել և տեղեկացրել է, որ մյուս շաբաթ դատարանի որոշումը կստանա։ 
Մեր դիտարկմանը՝ դատական տեղեկատվական համակարգում չեք հրապարակել որոշումը, մինչդեռ վերջին նիստը եղել է հոկտեմբերի 26-ին, արձագանքեց. «Գործն ավարտվել է, որոշումը հրապարակվել է, կողմերը կստանան։ Բովանդակության համար հիմա ոչ մի բան չնշեմ, կուղարկվի, ձեզ էլ հասանելի կլինի»։

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված, որ հոկտեմբերի 26-ից մինչ այսօր կողմերը չեն ստացել որոշումը, դատավոր Մխիթար Պապոյանի աշխատակազմից մեզ պատասխանող անձն ասաց. «Դատարանի ծանրաբեռնվածությամբ է պայմանավորված, բողոքարկման ժամկետը դատարանի որոշումը ստանալու պահից է հաշվվում՝ եկեք հիմա բան մի սարքեք, պատմություն մի սարքեք»: Նա բողոքեց ու կրկին հրաժարվեց ներկայանալ։ 

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ թեպետ դատախազությունը դեռ որոշումը չի ստացել, բայց ամենայն հավանականությամբ կբողոքարկվի «այդ որոշման կապակցությամբ Վերաքննիչ դատարանի այդ երեք դատավորներից մեկը նաև հատուկ կարծիք է հայտնել, որը մեզ դեռևս հասանելի չէ, կստանանք այդ որոշումն ու հատուկ կարծիքը, և դրա արդյունքում կորոշվի բողոք ներկայացնելու հարցը, բայց ամենայն հավանականությամբ կբողոքարկվի»։

Ինչ վերաբերում է դատարանների կողմից որոշումները կողմերին տևական ժամանակ չուղարկելուն՝ դատախազի խորհրդականն արձագանքեց՝ վատ երևույթ է, բայց ենթադրում եմ՝ կան օբյեկտիվ պատճառներ։
 
Հիշեցնենք, որ Արամ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 226.2 հոդվածի 1-ին մասով՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը։   

Նշենք, որ կուսակցության նախագահը Նիկոլ Փաշինյանին ուղղված  յութուբյան տեսաուղերձում հետևյալ հայտարարությունն էր արել. «Նիկոլի հետ հաշվեհարդար տեսնելու պատվերը հայ ժողովրդինն ա։ Թեհլերյանները հազարավոր են, միլիոնավոր են։  Նիկոլ, քո ընտանիքի համար, քո ընտանիքի անվտանգության համար արի էստեղ, ծնկաչոք ներողություն խնդրի զոհվածների մայրերից, որովհետև դու պատժվելու ես, եթե չգաս, դու չես կարա փախնես, չես հասցնի փախնես, մենք չենք կարող ամեն հայի ձեռք բռնել, մարդ կա՝ երկու երեխա ա կորցրել, մարդ կա՝ ընտանիքը, տունն ա կորցրել, ոչ մեկը չի կարող էդ մարդու ձեռքը բռնել։ Եթե ժամանակին Թեհլերյանին արդարացրին, ապա քեզ շանսատակ անողին հերոսի կոչում են տալու»: 

Առաջին ատյանի դատավոր Դավիթ Բալայանն արդարացրել էր Արամ Հարությունյանին՝ եզրահանգելով, որ Արամ Հարությունյանի ելույթը, իր ամբողջության մեջ, չի կարող համարվել բռնությունը հրապարակայնորեն արդարացնող կոչեր և, որպես այդպիսին, նաև ատելության խոսք: Դատարանի նման դիրքորոշումը պայմանավորված է այն փաստով, որ Արամ Հարությունյանը ելույթ է ունեցել որպես քաղաքական դերակատար և ընդդիմադիր քաղաքական կուսակցության նախագահ՝ ներկայացնելով իր կուսակցության հայացքները ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հանրային նշանակության քաղաքական հարցերի վերաբերյալ, հետևաբար գտնվել է ազատ խոսքի պաշտպանության ներքո: