Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սերժ Սարգսյանն ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի գործով դատարանը կողմերից ապացույցներ պահանջեց

Սերժ Սարգսյանն ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի գործով դատարանը կողմերից ապացույցներ պահանջեց
Իրավունք
16:29, 17 январь 2022
Սերժ Սարգսյանն ընդդեմ իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գործով այսօրվա դատական նիստին դատավորն, ըստ օրենքի, որոշեց կողմերից յուրաքանչյուրի գործողությունները, ըստ որի, երրորդ նախագահի ներկայացուցիչները պետք է ապացուցեն՝ արդյոք Սուքիասյանի արտահայտությունները արատավորել են Սարգսյանի պատիվն ու արժանապատվությունը։

Պատասխանող կողմը, իր հերթին, պետք է ապացուցի, որ նախկին նախագահի մասին Խաչատուր Սուքիասյանի աղմկահարույց հայտարարությունը համապատասխանում է իրականությանը, ինչպես նաև փաստեր բերի, որ խորհրդարանի ամբիոնից Սերժ Սարգսյանի մասին խոսելիս «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորը առաջնորդվել է հանրային շահով։

Դատավոր Սերգեյ Սահակյանը մանրամասնեց․ - «Բոլորս լավ գիտենք՝ «երրորդ նախագահը 100 մլն դոլարից ավելի կազինոներում կրվել է՝ նույն Բադեն-Բադենում» արտահայտությունը հայցվորի վերաբերյալ ներկայացված փաստացի տվյալ է։ Այսինքն՝ ներկայացվածն իր մեջ պարունակում է կոնկրետ հստակ տեղեկություններ որոշակի գործողության վերաբերյալ, այն վերացական չէ, դա մի փաստ։ Որպես փաստի ապացուցման պարտականություն կրում է հայցվոր կողմը»։

Նախկին նախագահը գործարար պատգամավորին դատի էր տվել ամիսներ առաջ, երբ վերջինս խորհրդարանում հայտարարեց, թե Սարգսյանը պաշտոնավարման ընթացքում 100 միլիոն դոլարից ավելի գումար է տանուլ տվել Բադեն-Բադենի խաղատներում։ Սերժ Սարգսյանը հիմա այս խոսքերի հերքում և 1 միլիոն դրամ է պահանջում՝ իր պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը հատուցելու համար։ Նախկին նախագահն, ինչպես նաև գործարար պատգամավորը դատարան չէին եկել։

Պատասխանելով իր հետ չհամաձայնող երրորդ նախագահի փաստաբան Վահագն Գրիգորյանին, դատավոր Սահակյանը պարզաբանեց. - «Հայցվորը գտնում է, որ փաստացի տվյալ չի ներկայացրել դատարան հրապարակայնորեն, օրենսդիրի պահանջն է, որ անձի վերաբերյալ փաստացի տվյալներ պետք է ներկայացված լինեն հրապարակայնորեն, դա ձեր համար որևէ խոչընդոտ, կարծում եմ, չի ստեղծում։ Հարգելիս, եթե դուք պայմանականորեն ապացուցեք, որ դա փաստացի տվյալ է, մեխանիկորեն կապացուցվի, որ հրապարակայնությունն ապացուցված է»։

Դատական նախորդ՝ առաջին նիստի ավարտից հետո, նախկին նախագահի մյուս փաստաբանը՝ Ամրամ Մակինյանը կրկին պնդել էր՝ Սուքիասյանը չի կարող իր խոսքերը ապացուցել։ Իր հերթին, պատգամավորի փաստաբան Աննա Տոնոյանը հայտարարել էր՝ Սուքիասյանը փաստերի հիման վրա իր գնահատողական դատողությունն է արել։

Աղբյուր՝ azatutyun.am