Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ըստ մեղադրանքի՝ ԱԱԾ աշխատակիցը կառավարական առանձնատների տարածքից հափշտակություններ է կատարել

Ըստ մեղադրանքի՝ ԱԱԾ աշխատակիցը կառավարական առանձնատների տարածքից հափշտակություններ է կատարել
Իրավունք
20:50, 17 январь 2022
Արման Օ․-ին մեղադրանք է առաջադրվել կառավարական առանձնատներից ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություններ կատարելու համար։ Իրավաբան․net-ը «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ դեպքը տեղի է ունեցել 2021 թվականի ընթացքում։

Նշվում է, որ Արման Օ․-ն այդ ընթացքում աշխատել է որպես ԱԱԾ պետական պահպանության ծառայության պահպանության գնդի 1-ին գումարտակի վաշտի 3-րդ դասակի կրտսեր տեսուչ։ Գործը մակագրվել է դատավոր Վաչե Մարգարյանին։

Մինչդատական վարույթի ընթացքում Արման Օ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Դատարանը քրեական գործը դատական քննության նշանակելու մասին որոշում ընդունել։ Առաջիկա դատական նիստը տեղի կունենա փետրվարի 2-ին։
Նշենք, որ կառավարական առանձնատներում, կամ նույն ինքը Կոնդի առանձնատների տնտեսությունում են գտնվում վարչապետի, ԱԺ նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի և այլ պաշտոնատար անձանց առաձնատները։ Դրանք ընդգրկված են հատուկ պահպանվող օբյեկտների ցանկում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: