Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հակակոռուպցիոն կոմիտեն անօրինական է համարում Վլադիմիր Գասպարյանի գործը լրացուցիչ քննության հետ ուղարկելու դատախազության որոշումը

Հակակոռուպցիոն կոմիտեն անօրինական է համարում Վլադիմիր Գասպարյանի գործը լրացուցիչ քննության հետ ուղարկելու դատախազության որոշումը
Իրավունք
17:27, 18 январь 2022
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ հարուցված քրեական գործը դատախազությունը համապատասխան քննչական գործողություններ կատարելու ցուցումով հետ է ուղարկել լրացուցիչ քննության։ Այս մասին Civic.am-ին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Նշենք, որ նախկին ոստիկանապետի վերաբերյալ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործն օրեր առաջ էր ավարտվել և գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել էր հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են նրա կողմից կոռուպցիոն բնույթի մի շարք չարաշահումներ կատարելու, այդ թվում` հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամի չափով գույքն օրինականացնելու դեպքեր: 
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ ստացել են դատախազի որոշումը Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացությունը չհաստատելու և այն լրացուցիչ նախաքննության վերադարձնելու վերաբերյալ․ «Դատախազի որոշումը գնահատում ենք որպես անօրինական և չհիմնավորված: Այն անխոս բողոքարկվելու է վերադաս դատախազին, թեպետ առավել քան համոզված ենք, որ դա որևէ արդյունք չի տալու, քանի որ վստահ ենք` նման կարևոր գործերով առանցքային որոշումները կայացվում են դատախազական ամենաբարձր մակարդակում, և այս գործը դատարան չուղարկելու որոշումը դատախազության միասնական դիրքորոշումն է»:

Հիշեցնենք, ոև Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 315-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ/: