Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԻԵԴ-ը Նիկոլ Փաշինյանի կալանքը ևս համարում է խախտում և նրա անձնական ազատության ու անձեռնմխելիության իրավունքին ապօրինի միջամտություն. Լուսինե Հակոբյան

ՄԻԵԴ-ը Նիկոլ Փաշինյանի կալանքը ևս համարում է  խախտում և նրա անձնական ազատության ու անձեռնմխելիության իրավունքին ապօրինի միջամտություն. Լուսինե Հակոբյան
Իրավունք
19:19, 18 январь 2022
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է իր վճիռը Նիկոլ Փաշինյանի գործով, որով դատարանը ճանաչել է Նիկոլ Փաշինյանի ազատ հավաքների ու անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքների (11-րդ և 5-րդ հոդվածներ) խախտումներ 2008թ. Մարտի 1-ի և դրան հաջորդած իրադարձությունների համատեքստում: 
 
Վճռի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է փաստաբան Լուսինե Հակոբյանի հետ։  

Նրա խոսքով՝ վճիռը, մի շարք կարևոր գործերի հետ մեկտեղ, որպիսիք են Մուշեղ Սաղաթելյանի, Գրիգոր Ոսկերչյանի, «Դարեսկզբի» և այլ գործեր, տալիս է սպառիչ գնահատականներ և նորից ու նորից փակում այդ իրադարձությունների վերաբերյալ բազում հարցերի պատասխաններ:
 «41-րդ պարբերության մեջ դատարանը նշում է, որ դիմողն ընդդիմության ակտիվ անդամ էր և Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզարշավի կարևոր ֆիգուր։ Այսինքն՝ ի սկզբանե այս կոնտեքստը մատնանշվում է, որ Նիկոլ Փաշինյանը եղել է ընդդիմության կարևոր առաջնորդներից։ Հետո հղում է կատարում այն մի շարք կարևոր գործերին, որոնցով վճիռներ է  կայացրել՝ Մուշեղ Սաղաթելյան, Մյասնիկ Մալխասյան, Սմբատ Այվազյան, Գագիկ Ջհանգիրյան, «Դարեսկիզբ» ՍՊԸ գործերով, և ըստ էության այդ օրվա և դրան նախորդող իրադարձությունների կոնտեքստն արդեն հաստատված է համարում՝ իր վճիռներով հաստատված փաստերով։ Նաև հղում է կատարում ԵԽԽՎ գնահատականներին՝ ասելով, որ իշխանությունների արձագանքը այդ բողոքի ցույցերին ըստ էության ընդդիմությանը ճնշելն էր, և Քրեական օրենսդրության 225 և 300 հոդվածներով  ընդդիմության տարբեր գործիչների հետապնդումները արհեստական էին և քաղաքական դրդապատճառներ ունեին»,- ասաց փաստաբանը։

Փաստաբանը նշեց, որ վճռում ասվում է նաև, որ դատարանները այս և մնացած գործերով այդ անձանց հավաքների ազատության իրավունքի միջամտությունը չեն հիմնավորել բավարար և հիմնավոր պատճառաբանություններով։  

Փաստաբանի խոսքով՝ այնուհետև դատարանը վերլուծում է Մարտի 1-ի իրադարձությունները և սկսում է առավոտյան ոստիկանների գործողություններից ու էլի հղում է կատարում Մուշեղ Սաղաթելյանի, Մյասնիկ Մալխասյանի գործերով իր եզրահանգումներին՝ ասելով, որ թեև իշխանություններն այդ ժամանակ առաջ են քաշել այն վարկածը, որ հավաքի մասնակիցները հատուկ զինվել են՝ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը տապալելու նպատակով, սակայն նախկին գործերով արդեն հաստատված է, որ չկան նման ապացույցներ, և հակառակը՝ այդ օրվա ոստիկանական գործողությունները նպատակ են ունեցել ցրելու խաղաղ ցույցը, և արժանահավատ չի դիտարկում այն, որ այդտեղ զենք-զինամթերք են կուտակել բողոքի ցույցի մասնակիցները և պատրաստվել են զավթել իշխանությունը։  

«Նաև նշվում է, որ 9 օր խաղաղ հավաք անցկացնելուց հետո Երևանում բռնություն պայթեց մարտի 1-ին և 2-ին, բայց հիմնականում այն պատճառով, որ խաղաղ հավաքի մասնակիցները դուրս շպրտվեցին Ազատության հրապարակից, և ժողովրդի մեծ կուտակում տեղի ունեցավ Մյասնիկյանի արձանի մոտ եւ հարակից փողոցներում։ Տեղի ունեցան բախումներ որոշ ցուցարարների և ոստիկաների միջև, և դրանք հանգեցրին մահվան, հանրային ու մասնավոր գույքի վնասի և այլն։ 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է իր վճիռը Նիկոլ Փաշինյանի գործով  (դիմումներ թիվ 22665/10 և 2305/11), որով դատարանը ճանաչել է 2008թ. Մարտի 1-ի և դրան հաջորդած իրադարձությունների համատեքստում Նիկոլ Փաշինյանի ազատ հավաքների և անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքների (11-րդ և 5-րդ հոդվածներ) խախտումներ: Բայց միևնույն է, ինչ էլ որ լինի, անձի խաղաղ հավաքի իրավունքի իրականացումը չի դադարում, անգամ  եթե այդպիսի հանգամանքներ են զարգանում, եթե տվյալ անձը մնում է խաղաղ՝ իր մտադրություններում և վարքագծում»,-ասաց Լուսինե Հակոբյանը։

Նշելով վճռում ևս մի կարևոր հանգամանք՝ փաստաբանն ասաց, որ երբ բռնության մեջ ներգրավված են և՛ ցուցարարները, և՛ ոստիկանությունը, երբեմն շատ կարևոր է քննել, թե ով է սկսել բռնությունը, և արդյոք դիմողն անձամբ մասնակի՞ց է եղել ագրեսիայի այդ սկզբնական գործողություններին։
Փաստաբանը նշեց, որ վճռում նշված է, որ կոնկրետ այս զարգացումների վերաբերյալ դատարանին ներկայացվել են բավարար չափով նյութեր, որպեսզի դատարանը կարողանա հաստատել, թե այդ լարվածությունն ինչպես է զարգացել և հանգեցրել բռնության, զինված բախումների, գույքի վնասի ու մահերի։

«Համենայնդեպս, դատարանը հաստատված է համարում, որ այդ բռնությունների դեպքերը եղել են տարերային և անկազմակերպ և կրկին հետևանք են եղել ցուցարարներին մարտի 1-ի առավոտյան  Ազատության հրապարակից ցրելուն և մի շարք այլ անվերահսկելի իրադարձությունների, որոնք տեղի են ունեցել այդ օրվա ընթացքում և դեր են խաղացել բռնության սրման մեջ։ Բայց միևնույն ժամանակ, դատարանն արձանագրում է, որ հազարավոր ցուցարարներ Մյասնիկյանի արձանի մոտ շարունակել են մնալ խաղաղ՝ հավաքի ամբողջ ժամանակահատվածում։ Մինչդեռ բռնությունները տեղի են ունեցել  ցուցարարների փոքր խմբերի կողմից՝ հարակից փողոցներում։  Ինչ վերաբերում է դիմողի վարքագծին մարտի 1-ի ավելի ուշ ժամերին, ներպետական դատարանների եզրահանգումները շատ ընդհանրական են, չկան բավարար փաստական մանրամասներ, որոնք թույլ կտային համոզիչ կերպով հաստատել, որ դիմողն ինչ-որ ապօրինի գործողություններ է իրականացրել այդ ժամերին»,- ասաց փաստաբանը։

Նա նաև նշեց, որ երբ դատարանները մատնանշել են, որ դիմողն իր  կարգադրություններով, ելույթներով, հրահանգներով կազմակերպել և վերահսկել է ցուցարարների զինվելը և նրանց հարձակումները ոստիկանների վրա, որևէ մանրամասներ իշխանությունները չեն ներկայացրել այդ կարգադրությունների և հրահանգների վերաբերյալ։  

Լուսինե Հակոբյանի խոսքով՝ նույնը վերաբերում է այն եզրահանգումներին, որ ըստ այդ ժամանակվա իշխանությունների՝ դիմողը իբրև թե տվել է բռնության նոր ակտեր կազմակերպելու հրահանգներ և այլ նման բաներ, ասվում է, որ մինչ մի քանի արտահայտություններ, ենթադրաբար արված դիմողի կողմից, որ նա  խրախուսել է, որ ցուցարարները կառուցեն բարիկադներ, զինվեն քարերով և այլ վտանգավոր առարկաներով և վերցնեն ոստիկանության մահակներն ու վահանները և այլն, նույնիսկ այս հանգամանքները ներկայացված էին շատ ընդհանրական ձևով և վերաբերելի ու բավարար չեն՝ ըստ Եվրոպական դատարանի։

«Այսինքն՝ եզրահանգում, որ ներպետական դատարանները պատճառաբանված որոշումներ չեն կայացրել, և դիմողի խաղաղ հավաքների ազատության իրավունքի միջամտությունը չի եղել պատճառաբանված վերաբերելի և բավարար պատճառաբանություններով։ Երկրորդն էլ՝ դատարանը Նիկոլ Փաշինյանի կալանքը ևս համարում է  խախտում և նրա անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքին ապօրինի միջամտություն»,- եզրափակեց Լուսինե Հակոբյանը։
 
Լիլիթ Թադևոսյան