Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով առաջին դատական նիստն ընթանում է դռնփակ

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով առաջին դատական նիստն ընթանում է դռնփակ
Իրավունք
15:44, 19 январь 2022
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով առաջին դատական նիստը տեղի է ունենում այսօր՝ հունվարի 19-ին:

Լրագորողների հետ ճեպազրույցում գործով ամբաստանյալներից Դավիթ Գալստյանի պաշտպանն ասաց, որ դատարանը պետք է քննի խափանման միջոցի հիմնավոր լինելու հարցը:

«Խնդիրը հետևյալն է՝ կալանքը կիրառվել էր, որ նախաքննության ընթացքում Դավիթ Գալստյանը չխոչընդոտի: Հիմա նախաքննությունն ավարտված է, բոլոր վկաները հարցաքննված են, բոլոր ապացույցները կան: Այլևս խոչընդոտելու ռիսկ, իմ կարծիքով, չկա: Այստեղ արդեն խնդիրը դատարանի գնահատականն է»,-ասաց նա:

Պաշտպանը նշեց, որ այս փուլում գրավի դիմաց խափանման միջոցը փոխելու հարց չի լինի:

«Լավագույն լուծումն ենք առաջարկելու դատարանում, տեսնենք, թե ինչ կլինի: Որոշել ենք միջնորդել, որպեսզի դատական գործընթացը դռնբաց լինի, քանի որ, ըստ էության, էլ պետական գաղտնիք չմնաց: Հնարավոր բոլոր տեղեկությունները հրապարակված են: Հրապարակային դատավարությունը ինչ-որ չափով կարող է օբյեկտիվ լինել»,-ասաց նա:

Ըստ պաշտպանի՝ Դավիթ Գալստյանը ցուցմունք է տվել, առերեսումներ են կատարվել, և՛ մեղադրյալների, և՛ վկաների հետ: Նրա խոսքով՝  նախաքննական մարմինը պնդել է, որ 4232 հրթիռները անորակ և անպիտան են:

«Գործում առկա են փաստական տվյալներ, որ այդ հրթիռները կիրառվել են, ինչպես զորավարժությունների, այնպես էլ 44-օրյա պատերազմի ընթացքում և գործում առկա են ցուցմունքներ կոնկրետ կիրառողների կողմից, որ դրանցով հնարավոր է եղել մարտական խնդիր»,-ասաց պաշտպան Անդրիկյանը:

Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը մերժել է հրթիռների փորձարկման պաշտպանների միջնորդությունը: Հիշեցնենք, որ Տոնոյանը մեղադրվում է 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու մեջ։ Նրա նկատմամբ կալանավորումն ընտրվել է որպես խափանման միջոց։ Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը և Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը, որոնք նույնպես կալանավորված են։

Ստեփան Գալստյանը, Դավիթ Գալստյանը կալանավորվել են ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում։ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել նույն այս գործի շրջանակներում։