Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոտ 33 մլն դոլարի գույք կորցրած գործարար Փայլակ Հայրապետյանը բողոք է ուղարկել ՀՀ վարչապետին՝ Նավասարդ Կճոյանի քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման դեմ

Մոտ 33 մլն դոլարի գույք կորցրած գործարար Փայլակ Հայրապետյանը բողոք է ուղարկել ՀՀ վարչապետին՝ Նավասարդ Կճոյանի քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման դեմ
Իրավունք
18:11, 19 январь 2022
Գործարար Փայլակ Հայրապետյանը օրեր առաջ բողոք է ուղարկել ՀՀ վարչապետին՝ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի վերաբերյալ հարուցված քրեական գործի վարույթը կարճվելու որոշման դեմ։

Նշենք, որ գործարարը դեռևս 2010թ. իր և իր հարազատների ունեցվածքը՝ մոտ 33 մլն դոլարի չափով, գրավադրելու և կորցնելու համար մեղադրում է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանին, վերջինիս սանիկ Աշոտ Սուքիասյանին և «Ամերիաբանկ»-ին։ 

Փայլակ Հայրապետյանը պնդում է, որ նշված անձանցից ամեն մեկը օֆշորում իրենց հիմնած երեք ձեռնարկություններից յուրաքանչյուրում 33 տոկոսի բաժնետեր է եղել, և այդ ճանապարհով են հափշտակել իր և իր հարազատների ունեցվածքից բանկի հատկացված գումարը։
Գործարարի խոսքով՝ իր գրավադրած գույքի հիմքով հատկացված 9 մլն դոլարը «Ամերիաբանկ»-ը մաս-մաս փոխանցել է Տիգրան Սարգսյանի, Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի և նրա սանիկ Աշոտ Սուքիասյանի օֆշորային հաշիվներին, իսկ 3 մլն դոլարը Աշոտ Սուքիասյանը բանկից կանխիկ է ստացել։

Փայլակ Հայրապետյանը նշում է, որ իր և իր հարազատների գույքի գրավադրման նպատակը Աֆրիկայում Աշոտ Սուքիասյանին պատկանող ոսկու և ադամանդի հանքերը շահագործելն էր, ինչի արդյունքում Հայաստանում պետք է բացվեր 10.000 աշխատատեղ։ 

««Ամերիաբանկը» 6000 դոլարով բիզնես ծրագիր էր կազմել։ Այդ գործը կառավարությունն էր միջնորդում։ 2010թ.-ին իմ տղայի, իմ խնամու շենք-շինությունները՝ 33 մլն դոլար արժողությամբ, գրավադրել եմ «Ամերիաբանկ»-ում։ Բանկն այդ գրավադրված անշարժ գույքի դիմաց տրվող 12 մլն դոլարը պետք է հատկացներ ոսկու և ադամանդի հանքերն աշխատացնելու համար։ Սակայն 9 մլն դոլարը մաս-մաս փոխանցել է օֆշորային կազմակերպություններին, որոնց սեփականատերերն էին ՀՀ այդ ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը, արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանը և իր սանիկ Աշոտ Սուքիասյանը։  Իսկ 3 մլն դոլարը կանխիկ եղանակով տվել է Աշոտ Սուքիասյանին։ Բանկը չուներ իրավունք գումարն ուղարկելու օֆշոր»,- ասաց Փայլակ Հայրապետյանը։

Գործարարն անդրադառնալով չստացված գործարքի նախապատմությանը՝ նշեց. «Պատմությունն այսպես է եղել. 2005թ. ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ելույթ ունեցավ, որ Ռուսաստանը մեզ տվել է 500 մլն դոլար, և 100 մլն-ի դիմաց մենք պետք է ստանանք ադամանդի, ոսկու հանքեր, աշխատացնենք, և 10000 աշխատատեղ բացենք։ 

Ինձ հանձնարարություն տվեցին փոխել արտադրատեսակը՝ ձեռնարկությունը փոխել ադամանդի, ոսկու արտադրության համար։ Ես փոխեցի իմ ձեռնարկությունը, լինցենզիաներ հանեցի, մեքենաները բերեցի տեղադրեցի։ Դա մոտ 3 տարի տևեց։ Հետո կանչեցին վարչապետի մոտ, ասեցին՝ արդեն հումքը պետք է բերենք, սկսենք աշխատել։ Այնուհետև ինձ և ևս երեք կազմակերպությունների հրավիրեցին էկոնոմիկայի նախարարի՝ Ներսես Երիցյանի մոտ, նախարարն ասաց, որ Ռուսաստանը չի տվել մեզ այդ 100 մլն-ի դիմաց խոստացած ադամանդի ու ոսկու հանքերը։ Նախարարի կողքը նստած էր Աշոտ Սուքիասյանը։ Նախարարը նշեց, որ Սուքիասյանն Աֆրիկայում ունի 550 000 հեկտար հանքեր, որի մեջ կա 10.000 տոննա ոսկի, 9 մլն 800 հազար կառատ ադամանդ։ Մենք՝ գործարարներս, մտածեցինք, որ դա մեծ հնարավորություն է, որ Հայաստանն ունենա այդ 10.000 աշխատատեղը՝ համաձայնեցինք ներդրում անել։ Այդ հանքերը պետք է շահագործեր Աշոտ Սուքիասյանը, և այդ գործը պետք է ղեկավարեր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Արդյունահանված հումքը պետք է բերվեր Հայաստան և այստեղ վերամշակվեր ու վաճառվեր։ Ես ուղղակի իմ ունեցածը գրավադրեցի, որ իրենք 12 մլն դոլար վերցնեն, այդ հանքերը շահագործեն, և ՀՀ-ում բացվի 10.000 աշխատատեղ. նպատակը դա էր՝ 23 կազմակերպություններ պետք է աշխատեին ՀՀ-ում, մենք բոլորս էլ եկամուտ էինք ստանալու»։ 

Գործարարը պատմեց նաև, որ ոսկու ու ադամանդի հանքերը շահագործելու գործում իր ներդրած գումարի հետ կապված չի կարողացել որևէ տեղեկություն ստանալ և 2013թ. մեկնել է Աֆրիկա, որտեղ էլ պարզել է, որ որևէ ոսկու կամ ադամանդի հանք Աշոտ Սուքիասյանը չունի։ Նամակ է գրել «Ամերիաբանկ»-ին, որտեղից ստացված պատասխանից էլ պարզ է դարձել, որ իր գումարը փոխանցվել է գոյություն չունեցող ձեռնարկությունների. «Ես տեղեկացել եմ, որ փոխանցված գումարի մեծ մասը հետ են փոխանցել «Ամերիաբանկ», հետո այդ գումարով ոսկի են գնել, Աշոտ Սուքիասյանի պարտքերն են փակել»։

2020թ. Փայլակ Հայրապետյանի գույքը հափշտակելու և հետագայում այդ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքն օրինականացնելու համար հարուցված քրեական գործի շրջանակներում գործարարն առերեսվել է միայն Աշոտ Սուքիասյանի հետ, թեպետ մեղադրանք էր առաջադրված նաև Հայ առաքելական եկեղեցու սպասավոր Նավասարդ Կճոյանին։ Գործարարը նշում է, որ թեպետ գործարքի հարցով զրույց չի ունեցել Կճոյանի հետ, սակայն վստահ է, որ նա, Տիգրան Սարգսյանն ու Աշոտ Սուքիասյանը համատեղ են գործել։ Փայլակ Հայրապետյանի խոսքով՝ նույնիսկ մեկ անգամ արքեպիսկոպոսին, Աշոտ Սուքիասյանին և վերջինիս հաշվապահին ու քարտուղարուհուն ինքը ճանապարհել է Եվրոպա, որտեղ մեկնում էին ոչ թե հանգստանալու, այլ մեկ այլ գործարք իրականացնելու համար։ 
 
Նավասարդ Կճոյանի փաստաբան Արմինե Ֆանյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ մոտ 2 տարի տևած նախաքննությունից հետո սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացման հիմքով. «Քրեական վարույթն իրականացնող մարմինը կատարելով բավականին օբյեկտիվ քննություն, ուսումնասիրելով բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ, դրանք համադրելով նաև մի շարք օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքների հետ՝ հանգել է հետևության, որ պաշտպանության կողմի փաստարկները, որոնք վերաբերում են սրբազանի անմեղությանը, հնարավոր չեն որևէ այլ փաստով հերքել»։  

Փաստաբանը հավելեց, որ Նավասարդ Կճոյանը ներգրավված էր որպես մեղադրյալ առանձնապես խոշոր չափերի խարդախության և փողերի լվացման մեղադրանքներով, սակայն ի սկզբանե իր մեղադրանքը չի ընդունել և ներկայացրել է ծանրակշիռ փաստարկներ. «Քրեական գործի շրջանակներում մինչև անգամ սրբազանի բանկային տեղեկություններն են ստուգվել»։ 

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ Կճոյանի վերաբերյալ քրեական վարույթը կարճելու որոշման օրինականությունը ստուգվել է հսկողություն իրականացնող դատախազի կողմից. «Նկատի ունենալով, որ քրեական գործով կատարված քննչական, այլ դատավարական գործողությունների, ՀՀ ԱԱԾ-ի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք չեն բերվել բավարար ապացույցներ, որոնք կհաստատեն Ս. Կճոյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների կատարումը՝ 2021թ. դեկտեմբերի 17-ին քննիչի կողմից որոշում է կայացվել հիշյալ հոդվածներով նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը հանցակազմի բացակայության հիմքով դադարեցնելու և կիրառված՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնելու մասին»: 

Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ-ի հաղորդագրության՝ օֆշորային գոտում հիմնադրված ընկերության 33 տոկոս բաժնեմասը պատկանել է արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանին.  «Հանցագործությունները բացահայտվելուց հետո, 2013 թվականի ընթացքում նշված հոգևորականը, օգնելու խոստումներ տալով, համոզել է հետախուզման մեջ գտնվող հանցակցին (Աշոտ Սուքիասյանին) ստանձնել ամբողջ պատասխանատվությունը և հանցագործությանն իր մասնակից լինելու ապացույցները կեղծելուն կամ ոչնչացնելուն ուղղված գործողություններ ձեռնարկել»,- ասված էր հաղորդագրության մեջ:

Նշենք, որ գործարար Փայլակ Հայրապետյանի գույքը հափշտակելու և հետագայում այդ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքն օրինականացնելու համար հարուցված քրեական գործով դատապարտվել է միայն Աշոտ Սուքիասյանը։ Հարուցված քրեական գործը 2015թ․մտել է դատարան, որով Սուքիասյանը մեղադրվել է խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու, հանցավոր ճանապարհով օրինականացնելու համար, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց խուսափելու համար: 2017թ. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր ճանաչեց գործարար, ադամանդագործ Աշոտ Սուքիասյանին և դատապարտեց 16 տարվա ազատազրկման: Դատարանը վճռել էր մոտ 8 մլրդ 919 մլն դրամ բռնագանձել՝ հօգուտ Փայլակ Հայրապետյանի, և 632 մլն 403 հազար դրամ՝ հօգուտ Հայրապետյանի որդու:

Աշոտ Սուքիասյանի փաստաբան Կարեն Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Աշոտ Սուքիասյանը ևս ներդրումներ էր կատարել այդ գործի մեջ՝ իր անշարժ գույքերը գրավ է դրել և 10 մլն դոլարից ավելի վարկ վերցրել, սակայն գործարքը չիրականանալու հետևանքով Սուքիասյանի գույքը որպես գրավի առարկա «Պրոմեթեյ» բանկը բռնագրավել է։ Փաստաբանը նշեց, որ Աշոտ Սուքիասյանը չի վերադարձրել Փայլակ Հայրապետյանին և նրա որդուն պատկանող գումարը։

«Առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկվել էր Վերաքննիչ քրեական դատարան, որն էլ սահմանել էր պատիժ՝ 6 տարի ազատազրկում։ Աշոտ Սուքիասյանը պատիժը կրելուց հետո մեկնեց Հայաստանից առողջական խնդիրների պատճառով։ Այդ ժամանակ Վճռաբեկ դատարանը բեկանեց Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը և ուժի մեջ թողեց 16 տարի ազատազրկումը»,- հավելեց փաստաբանը։

Նարա Մարտիրոսյան