Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալեքսանդր Ազարյանը պատվեր կատարող դատավոր էր. ինձնից ներողություն է խնդրել ապօրինի դատապարտելու համար․ 1in.am

Ալեքսանդր Ազարյանը պատվեր կատարող դատավոր էր. ինձնից ներողություն է խնդրել ապօրինի դատապարտելու համար․ 1in.am
Իրավունք
10:52, 20 январь 2022
Օրերս Դատավորների ընդհանուր ժողովը Դատավորների միության նախագահ և տեղակալներ ընտրեց: Դատավորների միության նախագահի պաշտոնում առաջադրվել էին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը և Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը: Ալեքսանդր Ազարյանն ընտրվեց 139-ի կողմ ձայներով:

2008-ի մարտի մեկից հետո նույն Ազարյանի արձակած դատական ակտերի պատճառով Հայաստանը քաղբանտարկյալներ է ունեցել: Մասնավորապես, Արամ Բարեղամյանը, ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասով՝ պատիժները մասնակի գումարելու միջոցով ազատազրկվել է 6 տարի ժամկետով, Ֆելիքս Գևորգյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 7 տարվա ազատազրկում, Արա Սմբատի Հովհաննիսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 9 տարվա ազատազրկում և այլն:

Արամ Բարեղամյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Ազարյանի ընտրությունն իրեն չի զարմացնում, քանի որ այլևս որևէ բանից չի զարմանում.«Մեկ օր էլ կարող է նույն հաջողությամբ լսենք, որ Ալեքսանդր Ազարյանը ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս»,-ասաց նա:

«Ապօրինի դատապարտվել ենք, արդարացման վճիռը եղել է: Պարզապես հիմա, իմ կարծիքով, սա արվեց իրեն պաշտպանիչ շերտ լինելու համար, հետագա վտանգներից խուսափելու համար, քանի որ ինքը զգաց վտանգը: Միամտություն է ասել, թե դատական համակարգը կկարգավորվի, չկա նման բան: Ինձ վեց տարի Ազարյանն է դատապարտել, բայց ինչպես գիտեք, 2021-ի սեպտեմբերի 6-ին Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատախազը հանդես է եկել հայտարարությամբ՝ հրաժարվելով 2008թ. մարտի մեկի գործով դատապարտյալ Արամ Բարեղամյանին առաջադրված մեղադրանքից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ գլխավոր դատախազությունն ինքն էր ՀՀ վճռաբեկ դատարանին դիմել Ա. Բարեղամյանի վերաբերյալ արդարացման որոշում կայացնելու համար, դատարանի կողմից կայացվել է արդարացման դատական ակտ:

Ինձ փոխհատուցում պետք է տրվի, ինքը ինձնից ներողություն է խնդրել ապօրինի դատապարտելու համար, և հիմա գնում է դառնում դատավորների միության նախագահ: Ես չեմ զարմանում, ամեն բանի հանգիստ եմ նայում, քաղաքական պատվեր կատարող դատավոր էր, իսկ նրա պատվիրատուն էլ ապօրինի ընտրված Ռոբերտ Քոչարյանն էր: Ինձ համար որևէ բան այլևս զարմանալի չէ, ամեն բան էլ հնարավորն է: Դատարանների միության նախագահ դառնալն իր համար ի՞նչ է, որ»,-ասաց Բարեղամյանը:

Փաստաբան, Մարտի 1-ի գործով Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Ազարյանի ընտրությունը այս պայմաններում շատ բնական գործընթաց է: «Այս դատական համակարգի պայմաններում նրա ընտրությունը պատահականություն չեմ դիտում, որովհետև հասկանում ենք, որ եթե ռեֆորմ լիներ, կունենայիք այլ թեկնածուներ, այլ հնարավորություն, ընտրություն, կլիներ այլ մթնոլորտ, բայց քանի որ բոլորս էլ գիտենք, թե ինչպիսին է դատական համակարգը, և 5-10 դատավորներով չեն կարողանալու այդ դատական համակարգի որակ փոխել, կամ թիմային մոտեցումները փոխել, հետևապես, կասկած չկա, թե ինչու է նման հաջողությամբ ընտրվել պարոն Ազարյանը: Ներքին սաբոտաժային վիճակը, ներքին միասնականությունը, ներքին համագործակցությունը գործում է, իսկ իրենք գիտեք՝ ովքեր են, հիմնականում 1998-ի ընտրությունից հետո նշանակված դատավորներն են: Նրանք իրականում խումբ են կազմել և իրենց խմբով ուզում են եղանակ ստեղծել դատական համակարգում, և իրենց մոտ ստացվում է:

Տեսեք, թե քանի գործեր ձախողվեցին: Ունենք նաև առօրյա գործեր, որտեղ այդ նույն դատավորներին տեսնում ենք, սովորական մարդկանց հետ գործընթացներում իրենք այդպիսին չեն, ինչպես իրենց համակրած քաղաքական թիմին են պաշտպանում: Այսինքն՝ կա երկու Ազարյան, մեկը գործում է քաղաքական պրոցեսներում որպես այդ թիմի հովանավոր, և մեկ այլ Ազարյան, որը հասարակ մարդկանց հետ այնպիսին չէ, ինչպիսին փորձում են բնորոշել:

Որևէ վիրավորելու նպատակ չունենալով՝ ես շատ բնական եմ համարում այս կարգի ընտրությունները, որովհետև ձայների մեծամասնություն են կազմում այն մարդիկ, որոնք ընտրվել են Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին»,- ասաց Սեդա Սաֆարյանը:

Նա հավելեց, որ այսօրվա իշխանությունը այդ առումով ոչ մի բանի մասին չմտածեց, արդյունքում իրենց դաժան պայքարի տարավ, և վերջնարդյունքում ՄԻԵԴ-ում ունենալու ենք շատ-շատ գործեր, այդ թվում նույն Ազարյանի կայացրած գործերով:

«Եթե մարդը հարյուրավոր հանցագործություններ կատարած մարդկանց արարքում գործառութային անձեռնմխելիություն է տեսնում, ես այդ մարդուն ոչինչ չունեմ ասելու: Հասկանում ենք, որ այդտեղ կարդալու ցանկություն էլ չկա, քանի որ կարդան էլ, որևէ բան նրանց մոտ չի փոխվելու:

Այս առումով լյուստրացիա կա, որովհետև մենք շատ-շատ գործերով տեսնում ենք, թե ով ինչպես է մտածում: Շատ բնական պրոցեսներ են ընթանում, որովհետև Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որոշեց մնալ թույլ իշխանություն, իրենք էլ ամեն եղանակ ընտրում են, որպեսզի ամրացնեն իրենց դիմադրությունը, և դիմադրում են ժողովրդի իրավունքին, և ժողովուրդը շարունակական սթրեսների է ենթարկվում: Այնպիսի տպավորություն են ստեղծում, որ ինչ ուզում ենք, դեռ անում ենք, թող այսօրվա իշխանությունը դրա մասին մտածի: Իմ կարծիքը միշտ նույնն է մնացել, ես դատաիրավական ռեֆորմի, արմատական ռեֆորմի կողմնակից են, և ցավում եմ, որ այսպիսի իրավիճակ է»,- ընդգծեց փաստաբանը: