Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մանվել Գրիգորյանի ընտանիքի 10 անդամներ հրավիրվել են Գլխավոր դատախազություն

Մանվել Գրիգորյանի ընտանիքի 10 անդամներ հրավիրվել են Գլխավոր դատախազություն
Իրավունք
12:19, 21 январь 2022
Ավելի քան մեկ տարի առաջ մահացած, կոռուպցիոն հանցագործությունների համար մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքի 10 անդամներ հրավիրվել են Գլխավոր դատախազություն՝ ծանոթանալու իրենց պատկանող գույքի՝ ապօրինի լինելու մասին ուսումնասիրությանը։

«Ազդարար» պաշտոնական հայտարարությունների կայքի համաձայն, բացի ընտանիքի անդամներից, դատախազությունը քննում է նաև հենց հանգուցյալ Գրիգորյանին պատկանող գույքի ծագման օրինականությունը։

Ըստ պաշտոնական աղբյուրի, Մանվել Գրիգորյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքում է կազմվել ամփոփագիր, ըստ որի, մյուս Գրիգորյաններին պատկանող գույքը ևս հանդիսանում է բռնագանձման առարկա:
Գրիգորյանների փաստաբան Լևոն Բաղդասարյանի փոխանցմամբ, դատախազության դիմումի հիման վրա կալանքի տակ է դրվել Գրիգորյանին պատկանող ողջ գույքը։ Թե ինչ արժողությամբ գույքի մասին է խոսքը, փաստաբանը չմանրամասնեց, միայն պնդեց՝ Գրիգորյանները հարստացել են օրինական ճանապարհով։

«Կան համապատասխան ապացույցներ, հակափաստարկներ, որը ներկայացվելու է դատախազություն», - ասաց Բաղդասարյանը։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն «Ազատությանը» պարզաբանեց, որ մարդու մահը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթը բացառող հանգամանք չէ։ Իր հերթին, փաստաբան Լևոն Բաղադասարյանը շեշտում է, քանի դեռ իրենք չեն ծանոթացել դատախազության ուսումնասիրություններին, իրավապահները չպետք է ազդարարեին այդ մասին։

«Օրենսդիր գործող իրավանորմը, որով ղեկավարվել է պետական լիազոր մարմինը, նախատեսում է որպեսզի վարույթ հարուցելուց հետո նաև ոչ միայն լսի շահագրգիռ կողմին, այլ նաև հնարավորություն ընձեռվի որպեսզի շահագրգիռ կողմը ներկայացնի համապատասխան ապացույցներ, փաստարկներ, հակափաստարկներ։ Նման բան տեղի չի ունեցել դեռ, բայց էս ընթացքում պետական լիազոր մարմինը հայտարարություն տարածեց, որ բռնագանձում է գնալու և դա, ես, որպես իրավապաշտպան, դիտում եմ որպես անուղղակի միջամտություն հետագա դատական գործընթացին, և հայտարարություն անելուց առաջ, կարծում եմ, մշակույթ պետք է ձևավորել, որպեսի կողմերը լսեն, հանրային հարթակում ներկայացնեն և մրցակցային հավասար դաշտն ապահովված լինի», - ասաց փաստաբանը։

Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր, ղարաբաղյան առաջին պատերազմի մասնակից Գրիգորյանը 2018-ի հեղափոխությունից կարճ ժամանակ անց մեղադրվեց ապօրինի կերպով զենք, զինամթերք պահելու, ավելի քան 101 մլն դրամ յուրացնելու, ավելի քան 1 մլրդ դրամ հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 մլրդ դրամ վատնելու և շորթմամբ 37 մլն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար: Ավելի քան մեկուկես տարի անազատության մեջ գտնվելուց հետո 2020-ի հունվարին նրա ազատ էր արձակվել կալանքից, երբ առողջական վիճակը կտրուկ վատացել էր։

Գրիգորյանը մահացավ նախքան իր դատավճռի հրապարակումը։ Փաստաբանը տեղեկացրեց, որ Գրիգորյանները չեն համաձայնել հոր մահից հետո դադարեցնել քրեական հետապնդումը, քանի որ դատարանից պահանջում են արդարացնել գեներալին։

Գրիգորյաններից բաց, իրավապահներն ուսումնասիրել են նաև Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի, ԱԱԾ գնդապետ Սերոբ Հարությունյանի, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանի դստեր, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին պատկանող գույքն ու դրամական միջոցները։ Արամ Հարությունյանի և Վլադիմիր Գասպարյանի գործերն արդեն դատարանում են։ Ընդհանուր առմամբ, ուսումնասիրվում է ավելի քան 200 գործ։

Աղբյուր՝ azatutyun.am