Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԻԵԴ որոշումը հի՞մք է Նիկոլ Փաշինյանին Մարտի 1-ի դեպքերով արդարացնելու համար. Factor.am

ՄԻԵԴ որոշումը հի՞մք է Նիկոլ Փաշինյանին Մարտի 1-ի դեպքերով արդարացնելու համար. Factor.am
Իրավունք
13:18, 21 январь 2022
Օրեր առաջ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հրապարակել էր «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը` 2008թ –ի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունների վերաբերյալ։

Դատարանն արձանագրել էր, որ խախտվել են Փաշինյանի` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված խաղաղ հավաքների ազատության, խոսքի ազատության, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքները։ Փաշինյանն իր հայցադիմումում դրամական փոխհատուցման պահանջ չէր ներկայացրել ՀՀ-ին:

Արդյո՞ք ՄԻԵԴ որոշումը նախկին ընդդիմադիր գործչին արդարացնելու հիմք կարող է հանդիսանալ։ Factor.am-ի հարցմանն ի պատասխան՝ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը նշեց՝ դա իմպերատիվ պահանջ է․

«Առաջիկայում ՄԻԵԴ որոշման լույսի ներքո ՀՀ դատախազությունում կուսումնասիրվեն Ն. Փաշինյանի վերաբերյալ 2010 թ. կայացված դատական ակտերը և կնախաձեռնվի նրա խախտված իրավունքների վերականգնման նպատակով դրանք բեկանելու և փոփոխելու դատական բողոքարկման գործընթաց»:

Հիշեցնենք՝ 2020 թվականի մայիս ամսին բավարարելով ՀՀ գլխավոր դատախազի բողոքները՝ Վճռաբեկ դատարանն արդարացրել էր Մարտի 1-ի գործով դատապարտված Արմեն Ավագյանին, Մասիս Այվազյանին, Կարեն Թարխանյանին, Դավիթ Աղայանին, Վարդգես Գասպարիին, Վարդան Ջհանգիրյանին, Արման Շահինյանին, Դավիթ Մաթևոսյանին, Խաչիկ Գասպարյանին և Սամվել Հարությունյանին։ Եվս մեկ դատապարտյալի՝ Արամ Բարեղամյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանը մասնակի էր բավարարել բողոքը՝ որոշելով բեկանել դատավճիռը և քրեական գործն ուղարկել Ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

Օրինական ուժի մեջ մտած այդ դատավճիռների դեմ դատախազությունը բողոք էր ներկայացրել նոր հանգամանքի և արդարադատության բուն էությունը խաթարող հիմնարար իրավունքների խախտման հիմքով։