Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բորիս Ավագյանի նոր արկածները. նա կեղծ փաստեր է ներկայացնում իր դեմ քրեական գործի մասին

Բորիս Ավագյանի նոր արկածները. նա կեղծ փաստեր է ներկայացնում իր դեմ քրեական գործի մասին
Իրավունք
12:48, 26 январь 2022
Լրատվամիջոցները հունվարի 26-ին տարածել են Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանի «սկանդալային» հայտարարությունը, որում նա մանրամասներ է ներկայացնում իր ձերբակալության վերաբերյալ։ Հայտարարությունը ի սկզբանե տարածել է «Հրապարակը»։ Բորիս Ավագյանը ձերբակալվել է Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի կեսերին։ Նա պնդում է, թե իր գործը կապված է մաքսային ծառայության ղեկավար Շուշանիկ Ներսիսյանի հետ։

«Ես իսկապես աջակցել եմ մի խումբ անձանց, որպեսզի նրանք խուսափեն մաքսատուրք վճարելուց: Եվ այդ խումբը կազմված է Հայաստանի մաքսային ծառայության պետ Շուշանիկ Ներսիսյանից, Դավիթ Անանյանից և նրանց «տանիք» Նիկոլ Փաշինյանից ու վերջինիս բարեկամներից, որոնք 2018 թվականի հունիսին ինձ էին դիմել օգնության խնդրանքով՝ հավաստիացնելով, որ այդ գործարքներից ստացված գումարներն անհրաժեշտ են հայկական ռազմական հետախուզության ֆինանսավորման համար»,- պնդում է Ավագյանը։

Ավագյանի հայտարարությունը տարածել են News.am,, aravot.am, politik.am, auroranews.am և այլ լրատվականներ։ Ու թեև ամբողջ հայտարարությունն Ավագյանը լցրել է «շոկային մանրամասներով», սակայն իրականում նա աղավաղում է գործը։

«Փաստերի ստուգման հարթակը» դեռևս նախորդ տարվա մարտին ամբողջապես ներկայացրել էր Բորիս Ավագյանի քրեական գործի մանրամասները՝ ռուսական աղբյուրների հիման վրա։

Բորիս Ավագյանի նկատմամբ գործ է հարուցվել դեռ 2016-ին

Այսպես, Ավագյանը դեռ 2016 թվականի հուլիսին ձերբակալվել էր ռուսական իրավապահ ծառայությունների կողմից, և նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել: Նշվում էր, թե Ավագյանի հանցավոր խումբը մաքսային տուրքերից խուսափելու համար էժան շինանյութի անվան տակ Ռուսաստան էր ներկրել հագուստ և տեխնիկա։ Հասցրած վնասի չափը գնահատվում էր 800 մլն ռուբլուց մինչև 4 միլիարդ ռուբլի:

Ավագյանը, սակայն, 2016-ի սեպտեմբերին, ըստ «Коммерсантъ»-ի, փախել էր տնային կալանքից՝ էլեկտրոնային թևնոցի բացակայության շնորհիվ: ՌԴ-ում նրա նկատմամբ հայտարարվել էր դաշնային հետախուզում: Շուտով Ավագյանը հայտնվել էր Ավստրիայում և այնուհետև՝ Ֆրանսիայում։

Վերջապես նա ընտանիքի հետ տեղափոխվել էր Հայաստան և ըստ ռուսական աղբյուրների՝ հրաժարվել էր ՌԴ քաղաքացիությունից Հայաստանում քաղաքական կարիերա սկսելու համար:

2020 թվականի արցախյան պատերազմի օրերին նա կարճ ժամանակով եղել է Արցախի ԱԺ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդական: Պատերազմից հետո Ավագյանը նշանակվել է Արցախի նախագահի ներկայացուցիչ՝ կրկին հատուկ հանձնարարությունների գծով: Որոշ ժամանակ էլ Արթիկի համայնքապետի տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում։

Թեև Ավագյանը հայտարարում էր, թե ինքն այլևս չի հետախուզվում ՌԴ-ում, սակայն ՌԴ ներքին գործերի նախարարության կայքում Բորիս Ավագյանը դեռ ներկայացված էր հետախուզման մեջ գտնվող անձանց ցուցակում: Հատկանշաական է, որ ըստ կայքի Ավագյանը դեռ հետախուզման մեջ է։

Հատկանշական է, որ երբ Ավագյանը դեռ Հայաստանում էր և զբաղեցնում էր պաշտոններ, 2020-ի հունվարին ասուլիս էր հրավիրել Ռուսաստանում քրեական գործի մասին պարզաբանություններ ներկայացնելու համար: Ավագյանը հայտնել էր, թե իբր բացահայտել է Ռուսաստանում թուրքական ընկերությանն առնչվող մաքսանենգության տարրեր պարունակող գործ, ինչից հետո ռուսական դաշնային ծառայությունները նրան հատուկ պաշտպանություն են առաջարկել։

Նա նաև հայտնել է, թե եկել է Հայաստան, սակայն այստեղ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նրան ստիպել է վերադառնալ ՌԴ և միայն դրանից հետո է նրա նկատմամբ քրեական գործ հարուցվել: Ավագյանի փաստաբանները հայտնել են նաև, որ Ռուսաստանից գործը չի փոխանցվել Հայաստանի իրավապահ մարմիններին, ինչն էլ, ըստ նրանց, հիմնավորում է գործի շինծու լինելը։

Սակայն ինչպես տեսնում ենք նոր «սկանդալային» հայտարարությամբ Բորիս Ավագյանը քրեական գործը հիմա էլ կապում է հետհեղափոխական իշխանության՝ հատկապես ՊԵԿ ղեկավարի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի հետ, մինչդեռ ռուսական աղբյուրները հստակ ներկայացնում են գործի հանգամանքները, որը սկիզբ է առել դեռևս 2016-ից։

Կեղծ լուրեր HALO Trust-ի գործունեության մասին

Հատկանշական է, որ Ավագյանը կեղծ լուրեր էր տարածել նաև Արցախում ականազերծման աշխատանքներ իրականացնող բրիտանական HALO Trust ընկերության մասին, ինչն անդրադարձել են փաստեր ստուգող կազմակերպությունները։

Աղբյուր՝ civilnet.am