Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նույնիսկ մեծ ցանկության դեպքում Գևորգ Լոռեցյանը չէր կարող ծառայության գծով հովանավորել Հրաչիկ Քանանյանին. Լոռեցյանի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել

Նույնիսկ մեծ ցանկության դեպքում Գևորգ Լոռեցյանը չէր կարող ծառայության գծով հովանավորել Հրաչիկ Քանանյանին. Լոռեցյանի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել
Իրավունք
18:05, 26 январь 2022
ՀՀ վերաքննիչ դատարանում այսօր ԿԳՄՍ նախարարի նախկին տեղակալ Գևորգ Լոռեցյանի պաշտպան Լևոն Սահակյանը ներկայացրեց իր վերաքննիչ բողոքը։
Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 08.12.2021թ.-ին, քննության առնելով Գևորգ Լոռեցյանի պաշտպան Լևոն Սահակյանի միջնորդությունը՝ Գևորգ Լոռեցյանի նկատմամբ կիրառված կալանավորում խափանման միջոցը վերացնելու կամ գրավով փոխարինելու մասին, որոշել է այն մերժել:  
Ներկայացնելով բողոքը՝ Լևոն Սահակյանն ասաց, որ կարծում է՝ առաջին ատյանի դատարանի որոշումն անհիմն է և չպատճառաբանված, ինչով խախտվել է Գևորգ Լոռեցյանի՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածով նախատեսված ազատության իրավունքը։

Բողոքի սկզբում պաշտպանը նշեց, որ Գևորգ Լոռեցյանն արդեն շուրջ երկու տարի գտնվում է կալանքի տակ, իսկ դատական նիստերը նշանակվում են երկու-երեք ամիսը մեկ: 

«Սույն գործով դատաքննության ավելի քան մեկ տարվա ընթացքում պարզապես հանդես ենք եկել հայտարարությամբ, որ մեղադրանքը պարզ չէ, դիրքորոշում ենք արտահայտել մյուս ամբաստանյալի անհապաղ ցուցմունք տալու բացառիկ իրավունքից օգտվելու միջնորդության կապակցությամբ և միջնորդել ենք փոխել ապացույցների հետազոտման կարգը: Իրավական պաշտպանության վերոգրյալ միջոցներից առավել քան նպատակային նշանակությանը համապատասխան օգտվելը չի կարող գնահատվել որպես Գևորգ Լոռեցյանի և իր պաշտպանի կողմից գործի քննությունը դանդաղեցնող վարքագիծ: Փոխարենը պետք է նշեմ, որ ունենալով մի շարք հիմքեր՝ նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար խուսափել ենք այդպիսին ներկայացնելուց, որևէ անգամ չենք միջնորդել հետաձգել դատական նիստը գործի նյութերին ծանոթանալու պատրվակով, մշտապես ներկայացել ենք դատական նիստերին, Լոռեցյանը երբեք չի փոխել կամ հրաժարվել պաշտպանից, չենք խախտել դատական նիստի կարգը, անհարգալից վերաբերմունք չենք դրսևորել դատարանի նկատմամբ և այլն»,-ասաց պաշտպանը:

Ինչ վերաբերում է Լոռեցյանի նկատմամբ գրավ կիրառելու միջնորդություններ ներկայացնելուն, ապա Լևոն Սահակյանի խոսքով՝ դրանք  մշտապես ներկայացվել են դատական նիստի ամենավերջում, երբ տվյալ օրը, միևնույն է, որևէ այլ դատավարական գործողություն չէր կատարվելու: 

Պաշտպանը նաև նշեց, որ շուրջ 2 տարի անազատության մեջ գտնվող Գևորգ Լոռեցյանի նկատմամբ կիրառված կալանավորումը փաստացի «երկարացնելով»՝ դատարանը գնահատման առարկա չի դարձրել հիմնավոր կասկածի պահանջվող աստիճանի և Լոռեցյանի ազատությունից զրկելու տևողության հարաբերակցությունը:
Պաշտպանի խոսքով՝ Գևորգ Լոռեցյանին առաջադրված մեղադրանքի հիմնավոր կասկածի շեմն ի սկզբանե եղել է շատ ցածր՝ պայմանավորված մի շարք փաստական ու իրավական հանգամանքներով:
«Գևորգ Լոռեցյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով այն բանի համար, որ նա, լինելով գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձ, «Լուառ» և «Էլիտ Սպորտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից պահանջել է 2.000.000 ՀՀ դրամ կաշառք իր կողմից ընդհանուր հովանավորչության, վերջինիս ներկայացրած առևտրային կազմակերպությունների կողմից ՀՀ ԿԳՄՍ նախարարության կազմակերպման գնման գործընթացիներին մասնակցության և դրանցում հաղթելու դեպքում մատակարարվող ապրանքներն ընդունելիս խոչընդոտներ չստեղծելու և հնարավոր խնդիրներից զերծ պահելու համար: Առաջադրված մեղադրանքից երևում է, որ պարոն Լոռեցյանը իբր Հրաչիկ Քանանյանից պահանջել է  2.000.000 ՀՀ դրամ կաշառք ինչ-որ ընդհանուր հովանավորչության՝ պարոն Քանանյանի կողմից ՀՀ ԿԳՄՍ նախարարության կազմակերպման գնման գործընթացներին մասնակցության և դրանցում հաղթելու դեպքում մատակարարվող ապրանքներն ընդունելիս խոչընդոտներ չստեղծելու և հնարավոր խնդիրներից զերծ պահելու համար»,-ասաց պաշտպանը:
Անդրադառնալով մեղադրանքում տեղ գտած «ընդհանուր հովանավորչություն» տերմինին՝ պաշտպանն ասաց, որ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի համաձայն՝ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալ է որակվում տվյալ անձի կողմից համապատասխան նյութական միջոց պահանջելը, ոչ թե ինչ-որ ընհանուր, այլ՝ բացառապես ծառայության գծով  հովանավորչության համար:
Լևոն Սահակյանը նշեց, որ Գևորգ Լոռեցյանը և Հրաչիկ Քանանյանը չեն գտնվել ծառայողական հարաբերությունների մեջ, և նույնիսկ մեծ ցանկության դեպքում Գևորգ Լոռեցյանը չէր կարող ծառայության գծով հովանավորչություն իրականացնել Հրաչիկ Քանանյանին: 
Իսկ ինչ վերաբերում է ընդհանուր հովանավորչությանը, ապա պաշտպանը նշեց, որ այդ իմաստով  մեղադրանքը պարզ չէ պաշտպանական կողմին, և ամբաստանյալը չի ըմբռնում, թե ընդհանուր հովանավորչություն տերմինը քրեաիրավական իմաստով ինչ է նշանակում: 

«Առաջադրված մեղադրանքի բովանդակությունից պարզ է դառնում, որ կաշառքի գումար պարոն Լոռեցյանը իբր պահանջել է որոշակի օրինական վարքագիծ դրսևորելու համար, այն էլ այն այն դեպքում, երբ պարոն Քանանյանը կմասնակցի ու կճանաչվի հաղթող հայտարարված մրցույթներում: Քննությամբ արդեն իսկ հերքվել է այն վարկածը, որ պարոն Լոռեցյանը թեկուզ ամենաաննշան կերպով օգնել է Հրաչիկ Քանանյանին հաղթել հայտարարված մրցույթներում: Իսկ այն, որ հայտարարված մրցույթներում հաղթելու էր Հրաչիկ Քանանյանը, չէր կարող կանխատեսելի լինել որևէ սուբյեկտի համար, ինչը նշանակում է, որ վերջինիս հաղթելով պայմանավորված որևէ գործողություններ կատարելու համար պահանջված գումարը ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի իմաստով չի կարող դիտվել կաշառքի գումար: Բացի այդ, գործում չկա գեթ մեկ ապացույց, որով թեկուզ հիմնավոր կասկածի շեմի մակարդակով կհաստատվի այն հանգամանքը, որ Գևորգ Լոռեցյանը գումար է պահանջել Հրաչիկ Քանանյանից, առավել ևս՝ պահանջվող գումարի չափը եղել է կոնկրետ 2.000.000 ՀՀ դրամ: Ամիսներ շարունակ իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք չի բերվել գեթ մեկ ուղղակի ապացույց, որը կվկայի այն մասին, որ պարոն Լոռեցյանը կոնկրետ 2.000.000 կամ առհասարակ որևէ գումար է պահանջել Հրաչիկ Քանանյանից, այն էլ ինչ-որ ընդհանուր անհասկանալի հովանավորչության համար»,- ասաց Լևոն Սահակյանը:

Ի հավելումն պաշտպանն ասաց, որ փոխարենը՝ գործում առկա է իրեն մասնակի մեղավոր ճանաչած Հրաչիկ Քանանյանի 22.07.2020թ. հարցաքննության արձանագրությունը, որտեղ Հրաչիկ Քանանյանը նշել է, որ չի հրաժարվում այն պնդումից, որ ինքը գումար է տվել Էդուարդ Հովհաննիսյանին, սակայն Լոռեցյանի հետ հանդիպման ժամանակ 2.000.000 դրամի խոսակցություն չի եղել, չնայած որ Լոռեցյանը հարցրել է իր եկամուտների չափի մասին:

«Վերոգրյալը նշանակում է, որ Գևորգ Լոռեցյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պարզապես հետաքրքրվել է Հրաչիկ Քանանյանի եկամուտներով: Իսկ նման հետաքրքրություն դրսևորելը եղել է նույնիսկ Գևորգ Լոռեցյանի պաշտոնեական պարտականությունները պատշաճ կատարելու համար նախապայման: Գևորգ Լոռեցյանը հետաքրքրվել է ոչ միայն Հրաչիկ Քանանյանի, այլ նաև մյուս բոլոր մասնակիցների եկամուտներով: Սակայն այդ հետաքրքրությունը որևէ առնչություն չի կարող ունենալ կաշառքի գումար պահանջելու վարքագծի հետ»,- ասաց Լևոն Սահակյանը:
    
Վերջում պաշտպանը դատարանին խնդրեց բեկանել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 08.12.2021թ. որոշումը և վերացնել Գևորգ Լոռեցյանի նկատմամբ կալանավորման խափանման միջոցը կամ այն փոխել գրավով: 
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհրապարակվի փետրվարի 3-ին։

Մանրամասները՝ տեսանյութում