Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն ամփոփել է հնգամյա գործունեությունը

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն ամփոփել է հնգամյա գործունեությունը
Իրավունք
19:26, 26 январь 2022
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը շուտով սկսելու է ֆինանսական կրթությանն ուղղված ծրագիր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ԶԱՀ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տաթևիկ Յաղջյանը՝ հիմնադրամի ստեղծման 5-ամյակի միջոցառմանը։
Տաթևիկ Յաղջյանի խոսքով՝ ամենաբարդ շրջանը հիմնադրամի համար հետպատերազմյան տարին էր։ «Հիմնադրամը այդ ընթացքում ուղղակի ողողված էր գործերով։ Մենք կարողացանք պատվով դուրս գալ իրավիճակից։ Հատուցումներ տրամադրեցինք, և նույնիսկ ամիս է եղել, որ միանգամից 1200 դեպքի մասով հատուցումներ ենք տվել»,- նշեց Յաղջյանը։

Յաղջյանը խոսեց հիմնադրամի ապագայի տեսլականի մասին՝ նշելով, որ շուտով մեկնարկում է ֆինանսական կրթությանն ուղված ծրագիր։ Նա ընդգծեց, որ ծրագիրն ուղղված է լինելու ֆինանսական գրագիտության բարձրացմանը։
«Նախորդ տարվանից սկսած իրականացնում ենք  դրամահավաքին ուղղված արշավները ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում։ Կարծում ենք, որ սա այն նախագիծն է, որի շուրջ պետք է համախմբվի յուրաքանչյուր հայ՝ անկախ նրանից՝ բնակվում է Հայաստանում, թե արտերկրում»,- առանձնացրեց նա։
Միջոցառման ընթացքում ամփոփվեց 5 տարիների ընթացքում կատարված աշխատանքն ու 44-օրյա պատերազմից հետո ԶԱՀ-ի առջև ծառացած խնդիրները, կատարված հատուցումները, ինչպես նաև ներկայացվեց ապագայի տեսլականը։ Միջոցառմանը ներկա շահառուները կիսվեցին իրենց պատմություններով։
ԶԱՀ-ն անկախ կառույց է, որը ստեղծվել է 2017 թվականին ապրիլյան քառօրյայից հետո հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհայտ բացակայող զինվորների ընտանիքների, ինչպես նաև զինհաշմանդամության 1-ին և 2-րդ կարգ ձեռք բերած զինվորների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:
ԶԱՀ-ի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրաբերություններից, որոնք ստանում ենք աշխարհասփյուռ հայությունից։










Վարուժան Ավետիքյան