Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կալանքի տակ գտնվող նախկին ռազմագերի Արեն Արամյանը դատապարտյալների հիվանդանոցից տեղափոխվել է ֆիզիոթերապիայի ինստիտուտ․ փաստաբան

Կալանքի տակ գտնվող նախկին ռազմագերի Արեն Արամյանը դատապարտյալների հիվանդանոցից տեղափոխվել է ֆիզիոթերապիայի ինստիտուտ․ փաստաբան
Իրավունք
15:33, 27 январь 2022
Գերությունից հայրենադարձված և օրեր անց կալանավորված զինծառայող Արեն Արամյանը երեկ դատապարտյալների հիվանդանոցից տեղափոխվել է Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ՝ ստացիոնար  բուժման նպատակով։ Այս մասին Civic.am-ին փոխանցեց Արեն Արամյանի փաստաբան Արա Կարապետյանը։

Նշենք, որ Արեն Արամյանի պաշտպան Արա Կարապետյանը մեզ ահազանգել էր, որ զինծառայողը մարտերի ժամանակ է վիրավորվել և ներկայումս էլ ունի առողջական խնդիր՝ հրատապ բուժում է անհրաժեշտ, հակառակ դեպքում հնարավոր է ամպուտացվի ոտքը։  
29-ամյա Արեն Արամյանը գերեվարվել էր նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանական սահմանին՝ Իշխանասարի հատվածում ընթացող մարտերի ժամանակ, և հայրենադարձվել էր նոյեմբերի 26-ին, իսկ 10 օր անց ձերբակալվել էր։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Զինծառայողի նկատմամբ ընտրված է կալանքը որպես խափանման միջոց, նախաքննությունը շարունակվում է։

Զինծառայողի կալանքը գրավով փոխելու մասին փաստաբանի միջնորդությունը հունվարի 25-ին դատարանը մերժել է՝ պատճառաբանելով նոր հանգամանքների բացակայությունը։

«Արեն Արամյանի կալանքի ժամկետը լրանում է փետրվարի 6-ին, այսօր կամ վաղը վարույթն իրականացնող մարմինը կմտնի դատարան՝ երկարացնելու»,- եզրահանգեց պաշտպանը։ 
Նշենք նաև, որ ըստ պաշտոնական տվյալների՝ դիրքի ավագ Արեն Արամյանի մեղադրանքը կապված է մարտի ժամանակ նահանջ հրաման արձակելու հետ, որի արդյունքում իր հետ եղած զինծառայողներից 24 հոգի ևս գերեվարվել էին, իսկ հայկական դիրքն անցել էր Ադրբեջանի ԶՈՒ-ի վերահսկողության տակ։   

Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը մեզ տեղեկացրեց, որ նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանական սահմանին ընթացող մարտերի հետևանքով Սիսիանի և Ջերմուկի մոտակայքում գտնվող դիրքային հատվածներից գերեվարված, այնուհետև հայրենադարձված զինծառայողներից 8-ն է ներգրավվել որպես մեղադրյալ: «8 զինծառայողի նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել դատարան, որից 2 զինծառայողի նկատմամբ դատարանը կալանքի միջնորդությունը չի բավարարել»,- ասաց Վարդան Թադևոսյանն ու ընդգծեց, որ մեղադրյալ ներգրավված 8 զինծառայողներից 3-ի գործն արդեն իսկ դատարան է ուղարկվել։


Նարա Մարտիրոսյան