Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գերությունից վերադարձած ու որպես մեղադրյալ ներգրավված զինծառայողներից 3-ի գործը դատարանում է. ՔԿ մամուլի քարտուղար

Գերությունից վերադարձած ու որպես մեղադրյալ ներգրավված զինծառայողներից 3-ի գործը դատարանում է. ՔԿ մամուլի քարտուղար
Իրավունք
15:44, 27 январь 2022
Գերությունից վերադարձած ու որպես մեղադրյալ ներգրավված զինծառայողներից 3-ի գործն արդեն իսկ դատարան է ուղարկվել։ Այս մասին Civic.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։ 

ՔԿ մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը նշեց, որ նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանական սահմանին ընթացած մարտերի ժամանակ գերեվարված, այնուհետև հայրենադարձված զինծառայողներից 8-ը մեղադրյալի կարգավիճակում են։ Նրանց բոլորի նկատմամբ ընտրվել էր կալանավորումը որպես խափանման միջոց, սակայն 2 զինծառայողի նկատմամբ դատարան ներկայացված կալանքի միջնորդությունները չեն բավարարվել։

Վարդան Թադևոսյանը հավելեց նաև, որ կալանավորված 6 զինծառայողներից 3-ը գերեվարվել էին Ջերմուկի, իսկ մյուս 3-ը՝ Սիսիանի մոտակայքում տեղակայված հայկական դիրքերից։ 

Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ հարուցված է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Զինծառայողներից ոմանք մեղադրվում են մարտական դիրքի վրա հարձակված հակառակորդի զինծառայողներին վնասազերծելու փոխարեն՝ նրանց հետ բանակցություններ վարելու, այնուհետև դիրքերից փախչելու համար, որի հետևանքով հայկական դիրքերն անցել են Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ։ Հաղորդագրության մեջ ասված է նաև, որ դիրքերից փախուստի դիմած զինծառայողները հակառակորդի կողմից շրջափակվել և գերեվարվել են։ 

Որոշ զինծառայողներ էլ մեղադրվում են այն բանի համար, որ լինելով մարտական դիրքի ավագ՝ խախտել են մարտական հերթապահության կազմակերպման և իրականացման կանոնադրությամբ սահմանված կանոնները, որն առաջացրել է ծանր հետևանքներ՝ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները ներխուժել են հայկական դիրքեր, սպանել և գերեվարել հայ զինծառայողներին։