Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԱԾ-ում քննվում է դատավոր Բախշիյանի որոշմամբ անձին ապօրինի կալանավորելու գործը. դատավորի փաստաբան

ԱԱԾ-ում քննվում է դատավոր Բախշիյանի որոշմամբ անձին ապօրինի կալանավորելու գործը. դատավորի փաստաբան
Իրավունք
17:09, 01 февраль 2022
Դատավոր Բորիս Բախշիյանին դեռևս մեղադրանք չի առաջադրվել, հետևաբար դատարան դեռ չի ներկայացվել միջնորդություն՝ դատավորին կալանավորելու մասին։ Այս մասին Civic.am-ին տեղեկացրեց դատավոր Բորիս Բախշիյանի փաստաբան Արսեն Սարդարյանը։

Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազը ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ԲԴԽ-ին ներկայացրել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններ։ ԲԴԽ-ն բավարարել է միջնորդությունները՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու և կալանավորելու թույլտվություն է տվել։ 

Դատավորի փաստաբան Արսեն Սարդարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ԱԱԾ-ում քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ ապօրինի ձերբակալելը կամ կալանավորելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ 

Փաստաբանի խոսքով՝ դատախազության կողմից որակված ապօրինի կալանքը վերաբերում է 2021թ. դեկտեմբերի 3-ին դատավոր Բորիս Բախշիյանի կայացրած այն դատական ակտին, որի հիմքով կալանավորվել է  ամբաստանյալ Նվեր Մկրտչյանը: «Այդ դատական ակտը, որին հղում է արել դատախազությունը, նույնիսկ չի էլ բողոքարկվել վերադասության կարգով։ Դատարանը իր վարույթում առկա գործով տեսնում է, որ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող ամբաստանյալ Նվեր Մկրտչյանը առանց հարգելի պատճառների չի ներկայանում դատական նիստերին՝ խափանման միջոց ստորագրությունը փոխում է կալանավորման։ Այդ պահին դատախազությունը համաձայն չի լինում, բայց չի էլ բողոքարկում։ Հիմա 2 ամիս անց՝ առանց որևէ փաստական տվյալի փոփոխման, դատախազը մտնում է ԲԴԽ՝ միջնորդելով թույլատրել դատավորի դեմ քրեական գործ հարուցելուն և կալանավորելուն»,- նշեց Արսեն Սարդարյանը։ 
Փաստաբանը մեկնաբանում է՝ Նվեր Մկրտչյանին կալանավորելու որոշումը օրինական է եղել, հակառակ պարագայում դատախազությունը կբողոքարկեր։ 

Ըստ դատական տեղեկատվական համակարգի տվյալների՝ Նվեր Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է մի խումբ անձանց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափերի գույքը խարդախությամբ հափշտակելուն, ինչպես նաև Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն:

Հիշեցնենք, որ դատավոր Բորիս Բախշիյանը Աշոտ Մինասյանին (Աշոտ Երկաթ), Մենուա Հովսեփյանին, Մանվել Փարամազյանին կալանքից ազատած դատավորն է։

Նարա Մարտիրոսյան