Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տարոն Մարգարյանի, Արման Սահակյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը հետաձգվեց. ամբաստանյալներից և պաշտպաններից մի քանիսը չէին ներկայացել դատական նիստին

Տարոն Մարգարյանի, Արման Սահակյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը հետաձգվեց. ամբաստանյալներից և պաշտպաններից մի քանիսը չէին ներկայացել դատական նիստին
Իրավունք
17:53, 03 февраль 2022
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, այսօր պետք է տեղի ունենար Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի և մյուսների գործով դատական առաջին նիստը, սակայն նիստը հետաձգվել է։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 28-ին, ժամը 10.30-ին։

Տարոն Մարգարյանի պաշտպան Բենիկ Գալստյանը Civic.am-ին հայտնեց, որ նիստը հետաձգվել է, քանի որ ամբաստանյալների և պաշտպանների մի մասը չէին եկել՝ ինչպես ենթադրում է, ծանուցված չլինելու պատճառով։
«Դատարանը ծանուցումներն ուղարկել է, սակայն հետադարձը չի ստացել։ Ես, օրինակ, ծանուցում չէի ստացել, բայց քանի որ տեղեկացել էի, որ իմ պաշտպանյալը ստացել է, ես եկել էի»,-ասաց Բենիկ Գալստյանը: 

Հիշեցնենք, որ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (երեք դրվագ), Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետ Անդրանիկ Քասարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (չորս դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (չորս դրվագ), Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության նախկին պետ Արսեն Ամյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (չորս դրվագ), Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հողհատկացման և հողօգտագործման բաժնի առաջատար մասնագետ Հայկ Կյուրեղյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, Երևանի քաղաքապետարանի «Քաղաքաշինություն» ՓԲ ընկերության գեոդեզիական բաժնի պետի տեղակալ Արամ Ենգոյանին, նույն բաժնի առաջատար մասնագետներ Տիգրան Փոթիկյանին, Միքայել Հակոբյանին և առաջին կարգի մասնագետ Հայկ Պետրոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով: 

Ըստ Քննչական կոմիտեի՝ նախաքննության ընթացքում հաստատվել է, որ դեռևս քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնելիս Մարգարյանը հանձնարարել է կատարել 16-րդ հատուկ դպրոցի հողամասի սահմանների ճշտում՝ հողամասի նոր հատակագծով դպրոցին պատկանող հողակտորից նվազեցվել է ավելի քան 3600 քառակուսի մետր: Ըստ Քննչական կոմիտեի՝ այնուհետև այն օտարվել է Մարգարյանի սանիկին, իսկ մյուս հողակտորը՝ նույն դպրոցի տնօրենի ամուսնուն: 
Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանն էլ, ըստ Քննչական կոմիտեի, համար 185 հանրակրթական դպրոցի տարածքում է ճշգրտման գործընթաց նախաձեռնել՝ նվազեցնելով ավելի քան 3800 քառակուսի մետր տարածք։
Ըստ նախաքննական մարմնի՝ այդ հողամասը աճուրդի ու միջնորդավորված անձանց միջոցով օտարվել է Արման Սահակյանի եղբորը, նրա օգնականին, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի օգնականին և Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարի հարազատին։