Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԲԴԽ-ն պատժում է այն մարդուն, ով ասել է, որ իր իրավունքները խախտվել են. Ստյոպա Սաֆարյանը՝ իր դեմ ներկայացված ԲԴԽ հայցի մասին. Տեսանյութ

Այսօր՝ փետրվարի 10-ին, Վարչական դատարանում՝ դատավոր Գրիգոր Առաքելյանի նախագահությամբ, ընթացավ ԲԴԽ-ն ընդդեմ Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանի գործով դատական առաջին նիստը։ 

Նշենք, որ ԲԴԽ աշխատակազմի՝ դատական դեպարտամենտի ղեկավար Խաչիկ Ղազարյանը վարչական հայց է ներկայացրել Ստյոպա Սաֆարյանի դեմ՝ պահանջելով վարչական պատասխանատվության ենթարկել նրան ՀՀ օրենսգրքի 206.17-րդ հոդվածի առաջին պարբերության համաձայն՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի վերաբերյալ տեղեկություններ հրապարակելու համար։

Հայցադիմումով դատական դեպարտամենտը պահանջել է վարչական տուգանք նշանակել սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։  

Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարի նոյեմբեր ամսին Ստյոպա Սաֆարյանը հրապարակել էր արդարադատության նախարարի նամակը՝ ուղղված իրեն, ըստ որի՝ իր դիմում-բողոքի հիմքով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։

Այսօր առաջին դատական նիստին դատավոր Գրիգոր Առաքելյանը արգելեց Civic.am-ին տեսանկարահանել դատական նիստը՝ ընդգծելով, որ դատական գործը դռնբաց քննելու հարցը դեռևս պետք է քննարկվի կողմերի հետ, մինչդեռ հայցվոր կողմը ներկա չէ նիստին։

Հայցվոր կողմի ներկայացուցիչները չէին ներկայացել դատարան՝ կորոնավիրոսով և հղիության ու ծծնդաբերության արձակուրդով պայմանավորված։ Ստյոպա Սաֆարյանի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը մեզ տեղեկացրեց, որ հայցադիմումի հիմքով հարցեր ուներ, հետևաբար ցանկալի կլիներ հայցվոր կողմի ներկայությունը, և հաշվի առնելով այդ հանգամանքը՝ միջնորդել է դատարանին հետաձգել դատաքննությունը։  

Հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 16-ին, ժամը 14:30-ին։

Ստյոպա Սաֆարյանը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ թեպետ իր դեմ է ներկայացված հայցը, բայց ինքը պատշաճ հայցվոր չի հանդիսանում, քանի որ հրապարակել է արդարադատության նախարարի կողմից իրեն տրամադրված տեղեկությունը. «Դատավոր Զարուհի Նախշքարյանը իր կողմից կատարված քննության ընթացքում թույլ է տվել իմ նյութական և դատավարական իրավունքների խախտում՝ հայցի հիմքի փոփոխություն օրենքով արգելված եղանակով և այլն։ Նրա դեմ կարգապահական վարույթ հարուցելու մասին նախարարի որոշումը որևէ գաղտնի գրիֆ չի պարունակում, և չկա որևէ գրություն, որ նախարարի նամակը ես հրապարակելու իրավունք չունեմ։ Հատկապես, երբ խոսքը վերաբերել է այնպիսի իրավիճակի, երբ նույն դատավորի կողմից թույլ տրված խախտումներով հրապարակված վճիռը նախքան օրինական ուժի մեջ մտնելը ազդարարվել է նախկին իշխանություններին սպասարկող լրատվամիջոցներով՝ թե Ստյոպա Սաֆարյանը թույլ է տվել խախտում, որի համար պետք է ներողություն խնդրի։ Եվ քանի որ իմ վերաբերյալ նման արշավ է գնացել կազմակերպված խմբի կողմից, ես հարկ եմ համարել ինձ հետևորդներին տեղյակ պահել, որ իմ իրավունքների խախտումներն արդեն արձանագրված են։ Սակայն այս ամենը հանգեցրել է նրան, որ ԲԴԽ-ն՝ ի դեմս իր աշխատակազմի՝ դատական դեպարտամենտի, համակարծիք լինելով Զարուհի Նախշքարյանի պաշտպանների հետ, որոշել է դատի տալ ոչ թե արդարադատության նախարարին, ով ինձ ուղարկել է գրությունը, ինչը պարտավոր էր անել, որովհետև անպատասխան թողնել իմ նամակը չէր կարող, այլ ինձ։ Հետևաբար ես պատշաճ հայցվոր չեմ այս գործով»։

Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ իրեն զայրացրել է դատական գործը դռնփակ քննելու մասին դատական դեպարտամենտի միջնորդությունը, որն արտահայտվել է հայցադիմումում. «Հարց է ծագում՝ եթե ամեն ինչ օրինական է, ինչո՞ւ է արդարադատության նկատմամբ վերահսկողություն ունեցող ԲԴԽ-ն ցանկանում, որպեսզի գործը քննվի փակ դռների հետևում՝ այն դեպքում, երբ Զարուհի Նախշքարյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթն ավարտվել է, և ԲԴԽ-ն որոշել է իմ իրավունքների խախտումը չհամարել լուրջ հետևանքներ հարուցած։ Հիմա ԲԴԽ-ն պատժում է այն մարդուն, ով ասել է, որ իր իրավունքները խախտվել են»։  

Ստյոպա Սաֆարյանի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի տեսանկյունով՝ այս գործով դատավորը հայտնվել է տխուր վիճակում՝ հաշվի առնելով, որ ԲԴԽ-ն դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու, պատժելու իրավասություն ունի, և ըստ այդմ՝ ԲԴԽ-ի ներկայացված հայցով գործի ելքը կանխատեսելի է: «Այսինքն՝ դատարանին այլ բան չի մնում, քան ԲԴԽ-ի ներկայացրածը բավարարելը։ Արդյոք դատարանն այս պահի դրությամբ կարո՞ղ է համարվել անաչառ ու անկողմնակալ և կարո՞ղ է արդար դատաքննության սկզբունքն իրականացնել»,- ասաց Սեդա Սաֆարյանն ու հույս հայտնեց, որ դատավորը այնուամենայնիվ կմերժի ԲԴԽ-ի միջնորդությունը, և նիստերը դռնբաց կընթանան։    

Հիշեցնենք, որ դատավոր Զարուհի Նախշքարյանը մասնակի բավարարել էր «Լայվ Նյուզ Մեդիա» ՍՊԸ լրագրող Թագուհի Ասլանյանի քաղաքացիական հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի և պարտավորեցրել նրան հրապարակայնորեն ներողություն խնդրել լրագրողից՝ վիրավորական արտահայտությունների համար, ինչպես նաև բռնագանձել 600 000 ՀՀ դրամ հօգուտ Թագուհի Ասլանյանի։ Դատավոր Զարուհի Նախշքարյանի որոշումը բարձր ատյանում մասնակի բեկանվել և փոփոխվել էր։

Նարա Մարտիրոսյան

Մանրամասն՝ տեսանյութում