Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մամիկոն Ասլանյանի կալանքը երկու ամսով երկարաձգվեց․ փաստաբանները մտադիր են բողոքարկել որոշումը

Մամիկոն Ասլանյանի կալանքը երկու ամսով երկարաձգվեց․ փաստաբանները մտադիր են բողոքարկել որոշումը
Իրավունք
12:56, 11 февраль 2022
Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի փաստաբանը պնդում է՝ իրենց պաշտպանյալն անհիմն ևս երկու ամիս կմնա կալանքի տակ։ Մտադիր են բողոքարկել դատարանի երեկվա կայացրած որոշումը նախկին համայնքապետի կալանքի ժամկետը երկարաձգելու մասին։

Մամիկոն Ասլանյանը պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքով կալանավորված է դեկտեմբերի կեսերից։

Մի քանի օր առաջ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ լրացվել է նրա մեղադրանքը պաշտոնավարման տարիներին կատարած ենթադրյալ հանցանքների նոր դրվագներով։ Մասնավորապես, իրավապահները նոր փաստեր էին հրապարակել, ըստ որոնց, նախկին համայնքապետն անցած 5 տարիներին մի շարք հողատարածքների դեպքում համայնքի գլխավոր հատակագծում փոփոխություն է արել և ընդհանուր օգտագործման հասարակական կանաչ տարածք հանդիսացող, սեփականաշնորհման ոչ ենթակա հողերը դարձրել հասարակական կառուցապատման տարածքներ, որի դեպքում թույլատրվել է դրանց աճուրդ-վաճառքը։