Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ տնօրեն Արթուր Պողոսյանին այսօր նոր մեղադրանք է առաջադրվել

«Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ տնօրեն Արթուր Պողոսյանին այսօր նոր մեղադրանք է առաջադրվել
Իրավունք
17:32, 14 февраль 2022
Civic.am-ի տեղեկություններով՝ այսօր Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների բաժնի վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ տնօրեն Արթուր Պողոսյանին՝ ՀՀ Քր. օր.-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության համար, և 325-րդ հոդվածի 2-րդ մասով՝ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ։

««Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիրների, ղեկավար աշխատողների կողմից պետությունից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով հիմնադիրներ Գուրգեն և Ալեքսանդր Զաքարյանները և ընկերության մի շարք ղեկավար աշխատակիցներ ունեն մեղադրյալի կարգավիճակ, նախաքննությունը շարունակվում է»,- այս մասին օրեր առաջ մեզ հայտնել էին Քննչական կոմիտեից։ 

Ըստ ՔԿ-ի 2019թ. հաղորդագրության՝ «Սեքյուրիթի դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերությունների տնօրինությունը դրամական միջոցներ հափշտակելու դիտավորությամբ միմյանց միջև կնքված նույն ծառայությունների մատուցման վերաբերյալ կնքված պայմանագրի շրջանակներում 2017թ. փետրվար ամսից մինչև 2018թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում կազմել է փաստացի չիրականացված և չմատուցված ծառայությունների վերաբերյալ ամսական կտրվածքով կեղծ կատարողական ակտեր, որոնց հիման վրա էլ նույնաբովանդակ կեղծ հաշվետվություններ կազմելու և ՀՀ ոստիկանության ՃՈ ֆինանսական բաժանմունք հանձնելու եղանակով «Սեքյուրիթի դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերությունների տնօրինությունը խաբեությամբ հափշտակել է շուրջ 1.015.869.600 ՀՀ դրամ գումար:

Դատահաշվապահական և դատաֆինանսատնտեսագիտական համալիր փորձաքննության եզրակացությամբ պետությանը պատճառված վնասի ընդհանուր չափը կազմում է 210.346.512 ՀՀ դրամ գումար: