Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ե՞րբ Ռոբերտ Քոչարյանը կվերադառնա բանտ․ Վճռաբեկը «բոյկոտում է» նրա ազատ արձակման դեմ տուժողների ու դատախազության բողոքը

Ե՞րբ Ռոբերտ  Քոչարյանը կվերադառնա բանտ․ Վճռաբեկը «բոյկոտում է» նրա ազատ արձակման դեմ տուժողների ու դատախազության բողոքը
Իրավունք
17:28, 16 март 2021
Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ, նաև՝ 3 մլն դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որն այսօր չէր ներկայացել «Մարտի 1-ի» գործով դատական նիստին, անցյալ տարվա հունիսի 18-ին 2  միլիարդ դրամ գրավով ազատ արձակվեց կալանքից. 3 մլն դոլար կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Քոչարյանն ազատ արձակվեց մոտ 4 մլն դոլար գրավով: 

Գլխավոր դատախազությունն այս որոշումը Վճռաբեկում բողոքարկել է դեռ անցյալ տարվա հունիսի 30-ին, սակայն մինչև այժմ Վճռաբեկը նիստ չի արել և չի քննել բողոքը:  Դատախազությունից Civic.am-ը տեղեկացավ, որ բողոքը վարույթ ընդունելուց հետո քննության վերաբերյալ դատախազությունը դեռ չի տեղեկացվել։ Այսինքն՝ Վճռաբեկ դատարանը 9 ամիս չի քննում Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու դեմ բողոքը։ 

Բացի գլխավոր դատախազությունից Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման դեմ բողոք են ներկայացրել նաև Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները և մի շարք տուժողներ, ինչպես նաև՝ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը: 

Մարտի 1-ի գործով որոշ տուժողների պաշտպան Սեդա Սաֆարյանը մեզ հետ զրույցում դժգոհություն հայտնեց, որ իրենց բողոքը մինչ այժմ չի քննել Վճռաբեկը․ «Ինչպես ընթանում է մնացած պրոցեսները, այնպես էլ ընթանում է սա։ Ամիսներով հարցը քննության առարկա չի դառնում։ Կալանքներով գոնե պետք է վերապահումները լինեն»։ Ըստ փաստաբանի՝  Մարտի 1-ի գործով մեղադրյալները սպասում են՝ իրավիճակ փոխվի, որ այդ գործն ընդհանրապես չլսվի։ 

«Մեր դատական համակարգը չի կարողանում քննություն իրականացնել և պատվով դուրս գալ էդ ամեն ինչից։ Մարտի 1-ի գործով տուժողներն ահավոր դժգոհ են դատական համակարգից։ Մեզ համար հասկանալի չի, թե էս պահվածքով ուր ենք հասնելու։ Վստահ եմ, որ նույն Վճռաբեկ դատարանում կան մարդիկ, որոնք խոչընդոտում են և շահագրգիռ չեն, որ էդ գործը լսվի։ Վստահ չեմ , որ այդ գործերը կարող են օբյեկտիվ լսվել»,-նշեց պաշտպանը՝  հավելելով, որ նման երկարատևությունը  նպատակից զրկում է իրենց բողոքները։ 

ՀՀ Վճռաբեկ դատարանում 8 հատորից բաղկացած գործի նյութերը հանձնվել են զեկուցող դատավոր Սերժիկ Ավետիսյանին հուլիսի 6-ին: 
Ուշագրավ մի փաստ. բողոքները քննող դատավոր Սերժիկ Ավետիսյանը «Տաշիր» գրուպի հիմնադիր Սամվել Կարապետյանի քենակալն է: Ինչպես հայտնի է՝ հենց Սամվել Կարապետյանն է, ըստ իր  հայտարարության, վճարել Ռոբերտ Քոչարյանի 2 մլրդ դրամ գրավի մի մասը: 
Հուլիսի 13-ին ՀՀ գլխավոր դատախազ Դավթյանը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել Սերժիկ Ավետիսյանի դեմ, սակայն վերջինս այն մերժել է՝ չհերքելով իր ազգակցական կապը Քոչարյանի գրավի գումարը վճարած անձի հետ: 

ՀՀ գլխավոր դատախազը, ըստ 1in.am-ի, միջնորդության մեջ  փաստարկել էր, որ Սամվել Կարապետյանը Սերժիկ Ավետիսյանի քենակալն է, մշտապես զգալի ֆինանսական օգնություն է ցուցաբերում Ավետիսյանի ընտանիքին, ինչը վկայում է, որ Վճռաբեկ դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյանը գործարար Սամվել Կարապետյանի հետ մտերիմ հարաբերություններ ունի և  նույնպիսի մտերիմ հարաբերությունների մեջ է գտնվում նաև Ռոբերտ Քոչարյանի հետ, ինչպես նաև անձնական շահագրգռվածություն է ունեցել վերջինիս նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու հարցում: Այդ շահագրգռվածությունը հանգեցրել է ընդհուպ նրան, որ Սամվել Կարապետյանը վճարել է կալանավորման այլընտրանք գրավի հսկայական գումարի զգալի մասը:
«Էական է դիտարկվել նաև, որ Վճռաբեկ դատարանում Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցի քննության 2 դեպքերում Սերժիկ Ավետիսյանը որպես դատավոր չի ստորագրել ի վնաս Ռոբերտ Քոչարյանի կայացված դատական ակտերը՝ ներկայացնելով հատուկ կարծիք»,-գրել է դատախազը:

Դատախազի միջնորդության մեջ, ըստ 1in.am-ի, նշվել էր, որ վերոհիշյալ հանգամանքներն իրենց համակցության մեջ ողջամտորեն կասկածի տակ են դնում դատավոր Սերժիկ Ավետիսյանի անկողմնակալությունը և դատավարական դիրքորոշումների պայմանավորվածությունը Ռոբերտ Քոչարյանի հետ միջնորդավորված ու անուղղակի կապով:

Անցյալ տարվա հուլիսի 21-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյանը մերժել է ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը՝ այն անհիմն համարելով: «Նախ և առաջ փաստում եմ, որ «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը իմ քենակալն է և դրա մասին հայտնի է ինչպես իրավական համակարգում, այնպես էլ հանրության միջավայրում: Իրականությանն է համապատասխանում նաև այն հանգամանքը, որ Սամվել Կարապետյանը և նրա ընտանիքի անդամները մշտապես ֆինանսական օգնություն են ցուցաբերում իմ ընտանիքին, ինչի մասին բազմիցս հայտնել եմ հրապարակավ (միջնորդության համատեքստում ավելորդ չեմ համարում նշել, որ Ս.Կարապետյանը և նրա ընտանիքի անդամները ֆինանսական օգնություն են ցուցաբերում ոչ միայն իրենց հարազատներին, այլ նաև ողջ հայ ազգին, որը ենթակա չէ շահարկման):

Դատավորը ոչ փաստարկված է համարել դատախազի պնդումը, թե Քոչարյանի գրավի մեծ մասը վճարել է իր քենակալ Սամվել Կարապետյանը: «Անդրադառնալով միջնորդության այն փաստարկին, որ Սամվել Կարապետյանը գրավադրել է Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար, այլ կերպ՝ որոշ իմաստով նաև դատավարական մասնակցություն է ունեցել նրա ազատ արձակմանը, նշեմ, որ այն նույնպես անհիմն է»,-գրել է դատավոր Ավետիսյանը:

«Անկախ նրանից, թե Սամվել Կարապետյանը ինչ հարաբերություններ ունի Ռոբերտ Քոչարյանի հետ, դա չի կարող վկայել այն մասին, որ ես նույնպես որևէ կապեր ունեմ վերջինիս հետ»,-գրել է դատավոր Ավետիսյանը՝ միևնույն ժամանակ հիշեցնելով Ռոբերտ Քոչարյանից ստացած պարգևները. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով 1997 թվականին ինձ շնորհվել է արդարադատության փոխգնդապետի զինվորական կոչում, 1999 թվականի հրամանագրերով նշանակվել եմ ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր, նաև ՀՀ արդարադատության խորհրդի անդամ: Նույնիսկ այդ հանգամանքն էլ չի կարող վկայել իմ անկողմնակալության մասին, հակառակ պարագայում բոլոր այն դատավորները, որոնք նշանակվել են Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում, պետք է ինքնաբացարկ հայտնեն, ինչը սակայն ողջամիտ չէ և կարող է գնահատվել որպես արդարադատություն իրականացնելուց հրաժարում»:

Թերևս, դժվար է պատկերացնել, որ դատավոր Սերժիկ Ավետիսյանը որոշի կալանք սահմանել իրեն այդքան պարգևների ու կոչումների արժանացրած Ռոբերտ Քոչարյանի հանդեպ: 

Մարինե Խառատյան