Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր կանչել են ՔԿ՝ կասկածյալ- վկայի կարգավիճակով. Ռուբիկ Հակոբյանի արտահայտությունների առթիվ քրեական գործ է հարուցվել՝ անձի արժանապատվությունը ծանր կերպով վիրավորելու համար

Այսօր կանչել են ՔԿ՝ կասկածյալ- վկայի կարգավիճակով. Ռուբիկ Հակոբյանի արտահայտությունների առթիվ քրեական գործ է հարուցվել՝ անձի արժանապատվությունը ծանր կերպով վիրավորելու համար
Իրավունք
18:30, 14 февраль 2022
Քաղաքագետ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի արտահայտությունների առթիվ քրեական գործ է հարուցվել։ Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ այսօր կանչվել է Քննչական կոմիտե, սակայն օգտվել է կասկածյալ-վկայի իր կարգավիճակից և ցուցմունք չի տվել: «Նոյեմբերի 25-ին խորհրդարանական լսումների ժամանակ գնահատականներ էի հնչեցրել, ինձ ոստիկանություն էին հրավիրել երկու ամիս առաջ, մտածում էի՝ ամեն ինչ ավարտվել է, բայց պարզվեց՝ քրեական գործ է հարուցվել»,- ասաց Ռուբիկ Հակոբյանը։

Նրա փաստաբան Վարազդատ Հարությունյանը նշեց, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով, այսինքն՝ անձի հանրային գործունեությամբ պայմանավորված նրա արժանապատվությունը ծանր կերպով վիրավորելը։  

«Ռուբիկ Հակոբյանը գրավոր հայտարարություն է արել, որ իր դեմ հարուցված քրեական գործը համարում է քաղաքական հետապնդում։ Ինչպես նաև այս պահին որևէ մեկը ներգրավված չէ որպես տուժող»,- ասաց փաստաբանն ու Civic.am-ի հարցին ի պատասխան նշեց, որ Ռուբեն Հակոբյանի արտահայտած՝ «տգետ», «սրիկա տականք» արտահայտություններն են համարվել անձի արժանապատվությունը ծանր կերպով վիրավորելը։

Քննչական կոմիտեից Civic.am-ին հայտնեցին, որ Ռուբիկ Հակոբյանը վկայի կարգավիճակ ունի և նրա նկատմամբ խափանման միջոց չի կիրառվել։