Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանական ԶՈՒ-ն հրազենով կրկին կրակել է հողագործությամբ զբաղվող արցախցիների ուղղությամբ

Ադրբեջանական  ԶՈՒ-ն  հրազենով  կրկին կրակել  է   հողագործությամբ  զբաղվող  արցախցիների ուղղությամբ
Իրավունք
20:48, 15 февраль 2022
Այսօր, ժամը 15:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի հարևանությամբ ամրակայված ադրբեջանական դիրքից հրազենով կրակ են բացել նույն համայնքի վարչական տարածքում տեղակայված վարելահողում տրակտորով գյուղատնտեսական նշանակության աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ, որի հետևանքով խոցվել է տրակտորը, իսկ քաղաքացիներին հաջողվել է փրկվել ռուս խաղաղապահների միջամտության շնորհիվ:

ԱՀ ոստիկանությունը կատարում է վերը նկարագրված հանցավոր դեպքի  նյութական հետքերի արձանագրում և ամրագրում:

Արցախի Հանրապետության քաղաքացիներին ձերբակալելու և քրեական պատասխանատվության ենթարկելու սպառնալիքների փոխարեն, Ադրբեջանի Հանրապետության դատախազությանը խորհուրդ կտայինք նվազագույն միջոցները ձեռնարկել Արցախի խաղաղ բնակչության ֆիզիկական ոչնչացմանն ուղղված դեպքերը կանխելու և նման հանցավոր արարք կատարած անձանց քրեական պատասխանատվության կանչելու ուղղությամբ: Դա ոչ միայն «խաղաղության ձգտող» երկրների համար միակ քաղաքակիրթ մոտեցումն է, այլև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային միացած Ադրբեջանի Հանրապետության միջազգայնորեն ու հրապարակայնորեն ստանձնած պարտավորությունը: