Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի Մետրոպոլիտենի նախկին տնօրենը, երկու որդիներն ու կինը կանչվել են դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն

Երևանի Մետրոպոլիտենի նախկին տնօրենը, երկու որդիներն ու կինը կանչվել են դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն
Իրավունք
11:27, 23 февраль 2022
ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն ներկայանալու ծանուցագրեր են ուղարկվել  Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանին, նրան փոխկապակցված անձանց՝ կնոջը՝ Սվետլանա Մովսիսյանին, երկու որդիներին՝ Արտակ և Վահագն Յայլոյաններին, և ևս մեկ անձի՝ Մարիաննա Հովհաննիսյանին։

Դատախազության համապատասխան ծանուցագրերը, որոնք ուղարկվել են փետրվարի 21-ին, հրապարակվել են www.azdarar.am կայքում։ 

Հիշեցնենք, որ  Փ. Յայլոյանը երկար տարիներ զբաղեցրել է Մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնը՝ 2001-2003 թթ. և 2007-ից մինչև 2019 թ. մայիսի 20-ը։ Ազգային անվտանգության ծառայությունը 2019-ին  ստուգումներ սկսեց «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ում: Նախաքննական մարմինը պարզել էր, որ 2014-ին Երևանի մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնը զբաղեցնող Փայլակ Յայոլյանը որդուն՝ Արտակ Յայլոյանին, Բաղրամյան պողոտայում գտնվող նշված տարածքն օտարել է կադաստրային արժեքից ցածր գնով՝ 75,393,360 դրամ։ Փ. Յայլոյանին մեղադրանք  առաջադրվեց Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 214-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում և իր կամ ուրիշ անձանց օգտին լիազորությունների չարաշահում, որը կազմակերպության կամ պետության իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս է պատճառել կամ առաջացրել է ծանր հետևանքներ։

Մետրոպոլիտենում շուրջ 28 տարի աշխատած, ապա սեփական դիմումի  հիման վրա աշխատանքից ազատված  Փ. Յայլոյանին է  պատկանում Երևանի Այգեձոր փողոցի 78/1 շենքում գտնվող 2 բնակարան և Ձորաղբյուրում գտնվող հողամաս։ Վերջինս երկու որդիների հետ հանդիսանում է նաև Իսակովի պողոտայում գտնվող 50/1 շենքում գտնվող բնակարանի սեփականատեր։  Արտակ Յայլոյանը հանդիսանում է Մետրոպոլիտենի վարչական շենքի մի մասի անհատույց օգտագործող, իսկ մյուս մասի՝ բաժնային սեփականատեր։ Բացի դրանից, Արտակ Յայլոյանը բնակարան ունի Երևանի Մարգարյան փողոցի 6-րդ շենքում, երկու հողամաս Նոր Նորքի Քոչինյան փողոցում։  Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պարույր Սևակի թաղամասում գտնվող բնակելի տան ընդհանուր բաժնային սեփականատերը ևս Ա. Յայլոյանն է։

Փայլակ Յայլոյանի կրտսեր որդին՝ Վահագն Յայլոյանը, որը Երևանի մետրոպոլիտենում զբաղեցրել է «Երթևեկություն» մասնաճյուղի կոմերցիոն բաժնի գովազդի գծով տնտեսագետի պաշտոնը, Երևան քաղաքի Բյուզանդի 17 նորակառույց էլիտար շենքում ունի 3 բնակարան, ինչպես նաև Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պարույր Սևակի թաղամասում գտնվող բնակելի տան ընդհանուր բաժնային սեփականատերն է։

Նշենք նաև, որ Փ. Յայլոյանը Երևանի մետրոպոլիտենի վարչական շենքի մի մասը որդուն վաճառելուց զատ՝ որպես վարձակալ վերջինիս է տրամադրել վարչական շենքի մեկ այլ հատված ևս։ Այսպես, 2016 թ. մայիսի 30-ին Երևանի մետրոպոլիտենի և Արտակ Յայլոյանի միջև կնքվել է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր, որով վերջինիս է տրամադրվել Բաղրամյան 76 հասցեում (Մետրոպոլիտենի վարչական շենքում) գտնվող 74 քմ տարածք՝ 148 հազար դրամ ամսական վարձավճարով։

Երեք շաբաթ անց կողմերի միջև կնքվել է նոր պայմանագիր, որով ավելացվել է Արտակ Յայլոյանին հատկացվող տարածքը՝ դառնալով 78,9 քմ՝ 157 800 դրամ վարձավճարով։ Այսինքն՝ յուրաքանչյուր 1 քմ-ի համար Փայլակ Յայլոյանի որդին Մետրոպոլիտենին պարտավորվել է վճարել 2000 դրամ: 

Հավելենք նաև, որ 2020 թ.-ին  Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված պետական վերահսկողական ծառայության և Երևանի քաղաքապետարանի աշխատանքային խմբերի կողմից «Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա նախապատրաստվել են նյութեր և փաստական տվյալներ ձեռք բերվել նույն ընկերության նախկին տնօրենի ապօրինությունների մասին։ 

Մասնավորապես Փ. Յայլոյանը 2018 թվականի օգոստոսին կազմել և միանձնյա հաստատել է կապալի աշխատանքների վերաբերյալ հանձնման-ընդունման ակտը։ Դրանցում հիշյալ աշխատանքներն ամբողջ ծավալով կատարված լինելու մասին ներառել է կեղծ տեղեկություններ, ապա կեղծ բովանդակությամբ փաստաթղթերը ներկայացրել է վճարման և հիշյալ ընկերության օժանդակությամբ վատնման եղանակով հափշտակել 624.000 եվրո։

Բացի դրանից, նախկին տնօրենը, ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների, 2016-2019 թվականների ընթացքում ընկերության տարածքների մաքրման ծառայությունների համար հայտարարված մրցույթում ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները։ Փաստացի մաքրվող 55.773 քմ տարածքների մակերեսների վերաբերյալ մոտավոր տվյալներ ներկայացնելով՝ մաքրման ծառայություններ մատուցող ՍՊ ընկերության հետ, արդեն իսկ 32.723 քմ ավելի ներկայացված՝ 88.496 քմ մակերեսի համար պայմանագիր կնքելով, ընկերության օրինական շահերին պատճառել է շուրջ 92.683.000 դրամի նյութական վնաս և անզգուշությամբ պատճառել ծանր այլ հետևանքներ։ 

Փ. Յայլոյանը  Երևանի Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար, Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության շինբարեկարգման բաժնի նախկին պետ Ֆելիքս Յայլոյանի ազգականն է։ 

Պատրաստեց Հեղինե Մանուկյանը