Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վազգեն Մանուկյանի գործն ուղարկվել է դատարան

Վազգեն Մանուկյանի գործն ուղարկվել է դատարան
Իրավունք
14:10, 17 март 2021
 
Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի դեմ քրգործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է դատախազի կողմից և ուղարկվել առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու: Այս մասին Civic.am-ի հարցին ի պատասխան փոխանցեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։ 

Ինչպես հայտնի է՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել էր 2021թ. փետրվարի 12-ին և 20-ին Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքների ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից՝ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ։

 Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը), և որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: 2021թ. մարտի 9-ին Վազգեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է՝ 2021թ. փետրվարի 26-ին Բաղրամյան պողոտայում անցկացված հանրահավաքի ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից հնչեցված կոչերով, որոնք ևս պարունակում են իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու բռնի կոչեր:

 Մարինե Խառատյան