Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զոհվածների եղբայրները, ազատվելով ծառայությունից, կարող են կամավորության սկզբունքով ծառայություն իրականացնել զինված ուժերում և այլ իրավապահ մարմիններում. ՊՆ փոխնախարար

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարել և պարտադիր ժամկետային զինծառայությունից ազատել պատերազմում զոհվածների եղբայրներին։

Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշեց, որ եթե զոհված զինծառայողի եղբայրը մտադրություն է ունենում կամ ունենալու ծառայություն անցնել զինված ուժերում, արդյոք այս նախագծով խնդիր չի՞ առաջանում նրանց համար:

Հայկ Սարգսյանն արձագանքեց. «Որևէ խնդիր չի առաջանում, այսինքն՝ ինչպես այսօր, երբ կանայք ցանկանում են անցնել պայմանագրային զինվորական ծառայություն կամ այլ ծառայություն, նրանք բնականաբար, պարտադիր զինվորական ծառայություն անցած չլինելով, կարողանում են անցնել ծառայության։ Այս օրենքով մենք նրանց մտցնում ենք պահեստազորի մեջ, դրանով հնարավորություն ենք տալիս անցնել այլ ծառայության»։ 

Իսկ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը նկատեց. «Իրենք չեն ազատվել հիվանդության կամ այլ հանգամանքների բերումով, հետևապես եթե իրենք հնարավորություն ունեն ծառայելու որպես պայմանագրային-շարքայիններ, ապա կարող են նաև որպես զինվորական ծառայողներ կամավորության սկզբունքով ծառայություն իրականացնել զինված ուժերում ու այլ իրավապահ մարմիններում»։

Օրենքի նախագծի հարակից զեկուցող Վահագն Ալեքսանյանը նշեց, որ այս նախագծի ընդունումը շատ լուրջ հոգեբանական աջակցություն կլինի զոհվածների ծնողներին. «Այն կհանի այն խանգարող հանգամանքը, մտայնությունը ծնողների մոտ, որ եթե հիմա նրանք ունեն զորակոչի տարիքի մեկ տղա, մյուսն էլ զոհվել է... բայց գուցե մտածում են այլ երեխա ունենալու մասին, սակայն խուսափում են, որովհետև գուցե լինի տղա, ու նրան էլ զորակոչեն»:

Հանձնաժողովը առաջին ընթերցմամբ 9 կողմ, 2 ձեռնպահ ձայներով օրենքի փոփոխությանը դրական եզրակացություն տվեց։