Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հերթական հակասահմանադրական ակտը Օնիկ Գասպարյանի կատարմամբ ու դատավորի ձեռա՞մբ»․ Ստյոպա Սաֆարյան

«Հերթական հակասահմանադրական ակտը Օնիկ Գասպարյանի կատարմամբ ու դատավորի ձեռա՞մբ»․ Ստյոպա Սաֆարյան
Իրավունք
11:02, 18 март 2021
Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սարֆարյանը, անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնավարման հետ կապված որոշամնը, ֆեյսբուքյան էջում գրել է․ «Քիչ է ասել, որ երկրի դատական իշխանությունը ուղղակի դեմարշ է կատարում Սահմանադրության դեմ ու «արդարադատության» քողի տակ բացահայտ ռևանշիստական ծրագրեր է սպասարկում։ 
 
Պարզվում է՝ ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը /շատ "հետաքրքիր ու ուշագրավ" աշխատանքային, կրթական կենսագրությամբ/ Օնիկ Գասպարյանի՝ Վարչական դատարան ներկայացրած հայցի գործով մինչև "գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը" "առաջարկել" է "ձեռնարկել հայցի ապահովման միջոց", այն է՝ "ճանաչել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը"․․․
 
Տեղ հասանք։ Մի բան էլ ավել՝ ռեկորդ է․․․ Իսկ հիմա՝ ավելի ուշադիր․․․ 
Մի փոքր ժողովրդական լեզվով բացատրենք դատավոր Պետրոսյանի արածն ու ասածը․ քանի դեռ ես Օնիկ Գասպարյանի հայցը չեմ քննել ու դատական ակտ չեմ կայացրել, ու անկախ նրանից ինչ դատական ակտ կկայացնեմ՝ /նրա ազատումն ու նոր ԳՇ պետի նշանակումը կճանաչեմ իրավաչա՞փ թե՞ ոչ իրավաչափ/, այդքան ժամկետով /շաբաթներ, ամիսներ, տարիներ/ ՀՀ սահմանադրությամբ ԳՇ պետ ազատել-նշանակելու հետ կապված ՀՀ վարչապետ-ՀՀ նախագահ սահմանադրական իրավահարաբերությունները, ավելի ստույգ՝ դրա արդյունքում իրավունքի ուժով ԳՇ պետ ազատել կամ նշանակելու սահմանադրական դրույթը չի գործում․․․ 
 
Վարչական դատարանի դատավորը որոշել է, որ իր տիեզերական որոշմամբ Սահմանադրության հոդվածներ չեն գործում․․․․
 
Բայց ասացեք, խնդրեմ․ ո՞ր դատավորն իրավունք ունի ընտրել հայցի այնպիսի ապահովման միջոց, որով Սահմանադրության դրույթներ ու սահմանադրական թեկուզև ոչ լավագույն ու օրինակելի իրավահարաբերություններ չգործեն, ինչ է թե դատավորը չգիտի, թե ինչ դատական ակտ է կայացնելու․․․ Իսկ միգուցե դատավոր Պետորսյանն արդեն "գիտի՞", ուղղակի մենք չգիտենք․․․
 
Ո՞վ է տեսել, որ վարչական կամ որևէ այլ դատարանի դատավոր կասեցնեն սահմանադրության դրույթների ուղիղ ազդեցությունը, ինչ է թե դատավորը գործ է քննում․․․
 
Եթե վարչական դատարանի դատավորը տեղյակ չէ, ապա իրեն արժե տեղեկացնել, որ Սահմանադրության կամ որևէ օրենքի դրույթների գործողությունը չի կարող դարարեցվել, առավել ևս Սահմանադրության դրույթները գործում են ուղղակիորեն, քանի դեռ հակասահմանադրական չեն ճանաչվել օրենքի այս կամ այն դրույթը, կամ Սահմանադրությամբ նախատեսված տվյալ իրավահարաբերությունը փոփոխված կամ կասեցված չէ Սահմանադրության փոփոխությամբ։ Իսկ, այ, ինքը ինքը դա անելու տիեզերական իրավունք ու իրավասություն չունի․․․
 
Բայց դատավորը համարել է՝ որ ունի, ինքը Սահմանադրություն կասեցնող է․․․․ Կամ միգուցե տվե՞լ են նրան այդ տիեզերական իրավունքը․․․ Ուստի պետք է հասկանալ, թե "ո՞վ"․․․
 
Այսինքն, ստացվում է, որ ամեն պաշտոնից ազատվող պաշտոնյա կարող է վարչական դատարան դիմել ու պահանջել, որ մինչև իր գործն ըստ էության լուծելն ու վերջնական դատական ակտ ընդունելը իր փոխարեն նոր պաշտոնյա չնշանակվի՞ ու սահմանադրական մարմինները մնա՞ն անղեկավար․․․
 
Ու սա այսպես զավեշտալի չէր լինի, եթե դատավոր Պետրոսյանը "չկասեցներ" նախագահի ու վարչապետի սահմանադրական իրավահարաբերությունները․․․
 
Ու ավելի մեծ ապացույց պետք չէ, որ պարզ լինի, որ ՀՀ դատական իշխանությունները ակնհայտորեն այլ բան են իրականացնում, քան արդարադատությունը։
 
Իսկ Օնիկ Գասպարյանը, ցավոք, որպես որոշ շրջանակներում հարգված զինվորական, շարունակում է նպաստել ու սպասարկել պետության պարալիզացման հայտնի ծրագրին՝ չթողնել, որ ՀՀ-ն նոր ԳՇ պետ ունենա, ինչ է թե դա ինքը չէ։ Հետաքրիր կլիներ, եթե Օնիկ Գասպարյանի նախորդը նույն կերպ պարալիզացներ նրա նշանակումը՝ դիմելով վարչական դատարան ու "կասեցնելով" իրեն նշանակելու վարչապետի հրամանագիրը․․․․
 
Որքան էլ Սահմանադրության դեմ ուղղված ու Սահմանադրությունը ակնհայտ խախտող նրա հայտարարությունից հետո իշխանությունը մեծահոգի գտնվեց քրեաիրավական գնահատական չտալով նրա գործողություններին, պարզվում է՝ դա իշխանության թուլություն ընդունվեց․․․
 
Իսկ իշխանությունը ևս մեկ անգամ թող մտածի վեթինգի մասին։ Ի վերջո, դատավորներ են նշանակվել կասկածելի մասնագիտական որակներով, կասկածելի կապերով մարդիկ, ու մենք ամեն օր վայելում ենք դրա պտուղները։
 
Վերջապես, կառավարության իրավաբանները թող որոշեն, թե ինչպես են վերացնում դատավորի այս մի հակասահմանադրական ակտը»։