Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սերժ Սարգսյանի գործով մահացած 2 ամբաստանյալների քրեական հետապնդումը դադարեցվեց

Սերժ Սարգսյանի գործով մահացած 2 ամբաստանյալների  քրեական հետապնդումը դադարեցվեց
Իրավունք
15:36, 18 март 2021
Մոտ կես մլրդ դրամի հափշտակության մեջ մեղադրվող ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների դեմ հարուցված քրգործով այսօրվա դատական նիստում դատարանը բավարարեց պաշտպանների միջնորդությունը և դադարեցրեց քրեական հետապնդումը այս գործով մահացած 2 ամբաստանյալների նկատմամբ։ 
Նշենք, որ մահացել են այս գործով ամբաստանյալներ, 2010-2016 թվականներին գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերգո Կարապետյանը և գյուղատնտեսության նախարարի նախկին տեղակալ Սամվել Գալստյանը։
Այս գործով հիմնական մեղադրյալը ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն է։ Կարապետյանը ցուցմունք էր տվել Սերժ Սարգսյանի դեմ։ Մեկ տարի դատարանում քննվող գործով կար ընդհանուր թվով 5 մեղադրյալ, այդ թվում՝ նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը և Սերժ Սարգսյանի մտերիմներից «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը: Այսպիսով՝ Սերժ Սարգսյանի դեմ քրգործով 5 մեղադրյալներից 2-ը մահացել են։ 
 
Հիշեցնենք, որ Գյուղատնտեսության նախկին նախարար Սամվել Կարապետյանի ցուցմունքի հիման վրա էր Սերժ Սարգսյանը ներգրավվել որպես մեղադրյալ և գործն ուղարկվել էր դատարան։ Ըստ մեղադրանքի՝ քննվող դեպքը տեղի է ունեցել 2013 թվականին։ Հատուկ քննչական ծառայության փոխանցմամբ՝ գյուղացիների համար պետական ծրագրով ձեռք է բերվել ավելի քան 17 միլիոն լիտր դիզելային վառելիք: Մատակարարման ցանկություն են հայտնել մի շարք, այդ թվում` «Մաքսհուր» և «Ֆլեշ» ընկերությունները:
 
Նախաքննական մարմնի հաղորդագրության համաձայն՝ ամենաէժան գնային առաջարկը ներկայացրել է «Մաքսհուր» ընկերությունը, բայց Սերժ Սարգսյանը անձնական շահագրգռվածություն է ցուցաբերել, որ մրցույթին մասնակցի իր մտերիմ Բարսեղ Բեգլարյանի «Ֆլեշ» ընկերությունը: Արդյունքում պայմանագիր է կնքվել «Ֆլեշ»-ի հետ և բյուջեից հափշտակվել է կես միլիարդ դրամ:
 
Նշենք, որ դիզելային վառելիքի ձեռքբերման նպատակով իրականացված պետական աջակցության ծրագրերով պետությունից խոշոր չափերով գումար վատնելու վերաբերյալ քրեական գործով մեղադրյալներ էին ներգրավված Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը, վերջինիս տեղակալ Սամվել Գալստյանը, նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանը և «Ֆլեշ» ՍՊԸ սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը։

 Ըստ մեղադրանքի՝ նշված անձինք մեղադրվում են պետական միջոցներից հափշտակություն և վատնում կատարելու մեջ՝ ընդհանուր թվով 489.160.310 ՀՀ դրամի չափով։