Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ապօրինի վճիռ կայացրած դատավորները կպատժվե՞ն․ Հովսեփ Խուրշուդյանը դիմել է Դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովին

Ապօրինի վճիռ կայացրած դատավորները կպատժվե՞ն․ Հովսեփ Խուրշուդյանը դիմել է Դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովին
Իրավունք
13:18, 12 февраль 2021
«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը դիմել է Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով՝  պարզելու համար, թե իր եւ իր պայքարակիցների գործով ապօրինի որոշում կայացրած Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորներներից ովքե՞ր են կողմ քվեարկել այդ որոշմանը՝  նրանց հանդեպ թիրախային կարգապահական վարույթ սկսելու համար ԲԴԽ դիմելու նպատակով։  Խուրշուդյանը պաշտոնական հարցում է արել նաև ՀՀ ԱԺ «Իմ քայլը» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին։

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը  օրերս ճանաչել է Հովսեփ Խուրշուդյանի և այլ քաղաքացիների իրավունքների խախտումը՝ ապօրինի համարելով «Սարի թաղի դեպքերի» ժամանակ Խուրշուդյանին կալանավորելը: 

Հիշեցնենք, որ 2016 թվականին ՊՊԾ գնդի գրավման հայտնի դեպքերի ժամանակ տեղի ունեցան բողոքի ակցիաներ, որոնց ընթացքում Սարի թաղում ոստիկանների և ցուցարաների միջև  բախումների սկսվեցին,  ձերբակալվեցին մի շարք քաղաքացիներ, այդ թվում՝  նաև այն ժամանակ «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը։ 

Խուրշուդյանը մեղադրվում էր երկու ոստիկանի քարով խփելու համար և 27 օր անազատության մեջ անցկացրեց։ Ոստիկանները, ում, իբր հարվածել էր Խուրշուդյանը, չէին հիշում ոչ դեպքի վայրը, ոչ էլ՝ ժամը։ 

Այնուամենայնիվ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Մաթևոսյանի գլխավորությամբ բավարարեց Խուրշուդյանին կալանավորելու միջնորդությունը, Վերաքննիչում՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանը այդ որոշումը թողեց անփոփոխ, իսկ Վճռաբեկ դատարանում դատավոր Լիլիթ Թադևոսյանը այդ բողոքը քննության չէր առել։ 

Նշենք, որ Հայաստանի կառավարությունն ընդունել է, որ 4.5 տարի առաջ խախտել է նրա իրավունքները, այն բանից հետո, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դեմ Խուրշուդյանի բողոքը բավարարվել է:

Միևնույն ժամանակ, այդ գործում  ներգրավված դատավորներից Լիլիթ Թադևոսյանը օրեր առաջ ընտրվեց Վճռաբեկ դատարանի նախագահ։ 

Հովսեփ Խուրշուդյանը որոշել է օգտագործել ՄԻԵԴ վճիռը և պատասխանատվության ենթարկել « նախկին իշխանությունների քաղաքական պատվերները կատարած դատավորներին, քննիչներին, դատախազներին, ոստիկաններին»:

Վովա Հակոբյան