Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հիմքեր չկան ՔՕ․ 300․1-րդ հոդվածը հակասահմանադրական ճանաչելու, բայց հայտնի է՝ ովքեր են մասնակցում ՍԴ նիստին»․ «Մարտի 1»-ի տուժողների պաշտպան

«Հիմքեր չկան ՔՕ․ 300․1-րդ հոդվածը հակասահմանադրական ճանաչելու, բայց հայտնի է՝ ովքեր են մասնակցում ՍԴ նիստին»․ «Մարտի 1»-ի տուժողների պաշտպան
Իրավունք
13:26, 23 март 2021
Այսօր՝ մարտի 23-ին, ժամը 11-ից Սահմանադրական դատարանում ընթանում է Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Դավիթ Գրիգորյանի դիմումների հիման վրա` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի դատաքննությունը։ Հիշեցնենք, որ հենց այդ հոդվածով է Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին մեղադրանք առաջադրվել Մարտի 1-ի գործով։ 

Գործով զեկուցողներ են նշանակված Սահմանադրական դատարանի դատավորներ Արաիկ Թունյանը, Աշոտ Խաչատրյանը, Երվանդ Խունդկարյանը, Էդգար Շաթիրյանը և Արթուր Վաղարշյանը: ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը չի մասնակցում դիմումների քննարկմանը, քանի որ նախկինում եղել է Մարտի 1-ի գործող տուժողների պաշտպանը։  

Փաստաբան, «Մարտի 1»-ի գործով տուժողների պաշտպան Տիգրան Եգորյանը Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ եթե դատավորների մեծամասնությունը կողմ քվեարկի, որ քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը չի համապատասխանում Սահմանադրությանը, Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական հետապնդումը կդադարեցվի և գործը կկարճվի։ Եվ ընդհանրապես Մարտի 1-ի գործով բոլոր մեղադրյալների հանդեպ քրեական հետապնդումը այդ հոդվածով կդադարեցվի․ «Մարտի 1-ի գործով, այն մեղադրյալների, ում նկատմամբ հարուցված է 300․1 հոդվածով քրեական գործ և  հետապնդում է իրականացվում՝ կկարճվեն գործերը»,-ասաց նա։
 
Տիգրան Եգորյանի պնդմամբ ընդհանրապես հիմքեր չկան այդ հոդվածը Սահմանադրությանը հակասող ճանաչելու՝ իրավական որոշակիության տեսանկյունից․ «Այն բավարար չափով որոշակի է, կանխատեսելի է, և այդպիսի նորմեր շատ ավելի ընդհանուր ձևակերպմամբ կան տարբեր այլ պետությունների քրեական օրենսդրությունում՝ այդ թվում նաև Գերմանիայի քրեական օրենսգրքում»։ 

Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու նիստին մասնակցում են նաև Հրայր Թովմասյանը և Արևիկ Պետրոսյանը։ Դատաքննությունն ընթանում է ՍԴ նախագահ Արման Դիլանյանի գլխավորությամբ։

Մինչդեռ պաշտպանի համոզմամբ՝ ի հավելումն այլ հիմքերի՝ Հրայր Թովմասյանը չպետք է մասնակցեր այս գործի քննությանը նաև այն պատճառով, որ նա իր նախկին գործընկերների հետ դիմել է ՄԻԵԴ և գանգատում նշել է, որ իր նկատմամբ Սահմանադրական փոփոխությունների միջոցով քաղաքական հետապնդում է իրականացվել և պատճառը ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռ․Քոչարյանի գործն է։ 

«Այս փաստը, որ ՄԻԵԴ դիմած դատավորներն այդպես են դիտարկում շատ կարևոր է այս գործով կողմնակալության ապացուցման համար։ ՍԴ-ում ԱԺ ներկայացուցիչը պետք է Կառավարությունից պահանջի գանգատները և բացարկ ներկայացնի Հրայր Թովմասյանին»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

Նշենք, որ ՍԴ-ում դատաքննությունը արդեն մեկ ժամ է ինչ ընթանում է, սակայն դեռևս դատավորները քննարկում են գործը բանավոր կամ գրավոր ընթացակարգով քննելու հարցը։ 

Փաստաբան Տիգրան Եգորյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադառնալով նաև ՍԴ-ում գործող որոշ դատավորների այս գործով մասնակցության անհնարինության հարցին՝ ընդգծել է․ «Հիշեցնեմ, որ դեռևս 2019 թվականի հուլիսի 4-ին և 12-ին ներկայացրել էինք դիմումներ դատարանի անդամներ Հրայր Թովմասյանի, Արայիկ Թունյանի, Աշոտ Խաչատրյանի, Ֆելիքս Թոխյանի, Հրանտ Նազարյանի, Ալվինա Գյուլումյանի և Արևիկ Պետրոսյանի` գործի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ։ Այնուհետև 06.07.2020թ. ներկայացրել ենք դիմումներ դատարանի անդամներ Հրայր Թովմասյանի, Արայիկ Թունյանի, Աշոտ Խաչատրյանի, Ֆելիքս Թոխյանի, Հրանտ Նազարյանի, Ալվինա Գյուլումյանի և Արևիկ Պետրոսյանի գործի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ։ Նույն օրը ներկայացրել ենք առանձին դիմում Հրայր Թովմասյանի գործի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ։ Նույն օրը ներկայացրել ենք դիմում իրավահաջորդներին գործի քննությանը մասնակից դարձնելու խնդրանքով: Սակայն հիշյալ միջնորդություններն, ըստ էության, պատշաճ քննարկման չեն արժանացել»։ 

Նշենք, որ Ֆելիքս Թոխյանի, Հրանտ Նազարյանի և Ալվինա Գյուլումյանի պաշտոնավարումը Սահմանադրական փոփոխությունների արդյունքում դադարեց։ 

Նարա Մարտիրոսյան