Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Քոչարյանի փաստաբանների հույսը իրենց ձեռնտու ՍԴ որոշումն է, որ դատաքննություն չիրականացվի»․ Մարտի 1-ի գործով տուժողների պաշտպաններ

«Քոչարյանի փաստաբանների հույսը իրենց ձեռնտու ՍԴ որոշումն է, որ դատաքննություն չիրականացվի»․ Մարտի 1-ի գործով տուժողների պաշտպաններ
Իրավունք
18:48, 23 март 2021
Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները լավատես չեն, որ Քոչարյանի և մյուսների գործով դատաքննությունը կարող է ի վերջո իսկապես սկսվել, թեև Աննա Դանիբեկյանն այսօր նման որոշում է կայացրել։ 
«Դատավոր Աննա Դանիբեկյանը ի վիճակի չէ այս գործով դատաքննություն իրականացնել։ Նրա   նախագահությամբ 1,5 տարի ակնհայտ իրավունքի չարաշահում էր թույլ տրվել դատարանի դահլիճում և որևէ քայլ իրականում չէր ձեռնարկվում դա դադարեցնելու համար։ Հիմա լավատես չեմ, որ կարող է գործով դատաքննութոյւնը սկսվել և հարթ ընթանալ։ Քոչարյանի պաշտպանները դատական նիստերը ձգձգելու պատճառներ միշտ էլ կգտնեն»,-Civic.am-ի հետ զրույցում ասաց Մարտի 1-ի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը։ 

Նրա խոսքով՝  մինչև դատաիրավական համակարգը լիարժեք չփոփոխվի, հնարավոր չէ, որ այս գործով լիրաժեք քննություն ու  բացահայտում իրականացվի։ «Այս դատական համակարգով մենք տեսանք, թե ինչեր են լինում թե Մարտի 1-ի գործով, թե Օնիկ Գասպարյանի գործով , թե բազմաթիվ այլ գործերով։ Եթե վեթինգ, դատական համակարգի լիարժեք բարեփոխում չլինի, հնարավոր չէ Մարտի 1-ի գործով հասնել  արդարադատության։ Հակառակ պարագայում ցանկացած պատրվակ  հարավոր է բերել դատական նիստերը անհիմն ձևով ձգձգելու համար։ Ես խիստ կասկածում եմ, որ հաջորդ նիստին մեղադրական եզարկացություն է հրապարակվելու  կամ ապացուցյ է հետազոտվելու։ Այս կարծիքը տուժող  կողմի մոտ չկա»,-ընդգծեց փաստաբանը՝ ավելացնելով, որ ամեն դեպքում երբ հրապարակվի մեղադրական եզարակացությունը և սկսվի ապացույցների հետազոտումը իրենք վերադառնալու են դատական նիստերի դահլիճ և մասնակցելու  են դատական նիստերին։ «Բայց կրկնում եմ, դրա հույսը ես չունեմ»,-ասաց փաստաբանը։

Այս գործով ներգրավված փաստաբան Սեդա Սաֆարյանը նույն կարծիքին է՝ լավատես չէ, որ հնարավոր է ի վերջո այս գործը մտնի դատաքննության փուլ։ 

Նրա խոսքով՝ այն, որ Քոչարյանի փաստաբաններն այսօր դատաքննության փուլ մտնելու վերաբերյալ դատարանի որոշումից հետո բոյկոտել են և լքել են նիստերի դահլիճը, հուշում է, որ նրանք հաջորդիվ էլ ամեն ինչ անելու են՝ թույլ չտալու համար, որ դատաքննությունը սկսվի և շարունակվի։

«Ես այդքան էլ վստահ չեմ, որ դա տեղի կունենա։ Քոչարյանի փաստաբանները հույսը դրել են Սահմանադրական դատարանի վրա։ Նրանք չեն մտածում, որ իրականացվի դատաքննություն և դատաքննությամբ Քոչարյանը արդարացվի  կամ մեղադրվի ամբաստանյալ Քոչարյանը։  Նրանց հույսը իրենց ձեռնտու Սահմանադրական դատարանի  որոշումն է։ Որ այդ որոշումն ավելի շուտ լինի, քան  դատաքննությունը իրականացվի։ Ճիշտ է՝ ցանկալի կլիներ, որ դատաքննությունը սկսվեր, տուժողները գնային դատարան, բայց էլի վստահ չեմ։ Նրանք հիմա էլ այսօրվա պես կսկսեն բոյկոտել նիստերը ու հազար ու մի պատճառաբանությամբ թույլ չտալ, որ գործի նյութերը դատարանում հրապարակվեն»,-ասաց Սաֆարյանը։

Ամեն դեպքում, և Սաֆարյանը, և Ղարագյոզյանը և տուժողների իրավահաջորդները պատրաստվում են դատաքննության սկսվելու դեպքում դադարեցնել բոյկոտը և մասնակցել դատական նիստերին։ «Եթե տեսնենք, որ ժամավաճառությունն իսկապես ավարտվել է  դատարանում և իրականում  դատարանն արդարադատություն է իրականացնելու, ապա մենք՝ որպես տուժող կողմ կմասնակցենք նիստերին»,-ասաց փաստաբանը։

 Արփի Հարությունյան