Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սասուն Խաչատրյանը պետք է ինքնաբացարկ հայտներ, գնար գլխավոր դատախազի մոտ՝ առաջարկեր, օրինակ, որ ԱԱԾ-ն քններ իմ գործը. Աղվան Հովսեփյան

Սասուն Խաչատրյանը պետք է ինքնաբացարկ հայտներ, գնար գլխավոր դատախազի մոտ՝ առաջարկեր, օրինակ, որ ԱԱԾ-ն քններ իմ գործը. Աղվան Հովսեփյան
Իրավունք
18:39, 05 май 2022
Այսօր՝ մայիսի 5-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ընթանում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստը։

Մեղադրող դատախազ Սաֆարյանը կարծում է, որ Աղվան Հովսեփյանի՝ երկար տարիներ իրավապահ համակարգում աշխատանքը, նրա ունեցած կապերը, ֆինանսական զգալի ռեսուրսները բարձրացնում են Աղվան Հովսեփյանի կողմից իր դեմ ցուցմունք տված անձանց վրա ազդելու և գործի քննությանը նաև այլ եղանակներով խոչընդոտելու ռիսկը։ Դատախազը հիմնավորեց, որ իրականությունը բացահայտելու ընթացքին անօրինական միջամտություն կլինի, եթե ՀՀ նախկին գլխավոր դատախազը կալանքից ազատ արձակվի: «Կալանավորումն անհրաժեշտ միջոց է չեզոքացնելու նշված վարքագիծը»,- հավելեց նա։ 

Աղվան Հովսեփյանը դատախազի ելույթից հետո հանդես եկավ, իր խոսքով, մի շարք բացահայտումներով: «Բազում անգամներ այս երեք տարվա նախաքննության ընթացքում ես նախազգուշացումներ եմ ստացել համապատասխան մարմիններից, որ եթե հանկարծ փորձեք բացակայել երկրից, Ձեր տղաները՝ 3-ն էլ կկալանավորվեն։ Այս մասին ես առաջին անգամ եմ ասում, չեմ ասել նաև իմ փաստաբաններին ու ընտանիքի անդամներին։ Ես նախազգուշացումներ ստացել եմ նաև ընտրություններից առաջ ու հետո»,- ասաց նա։ 

ՀՀ նախկին գլխավոր դատախազի խոսքով՝ իշխանափոխությունից հետո, երբ իր դեմ իրավապահ համակարգում գործեր էին ընթանում, ինքն ուներ հնարավորություն մնալու Մոսկվայում, սակայն չի օգտվել այդ հնարավորությունից, քանի որ գերադասում է լինել հայրենիքում, թեկուզ և մեկուսարանում։  

Անդրադառնալով իր գործի քննությանը՝ Աղվան Հովսեփյանը նշեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն իր օրոք աշխատել է մինչև Երևան քաղաքի դատախազ, խրախուսել է Խաչատրյանին, պաշտոնի նշանակել: «Բայց երբ որ իրեն ազատեցին դատախազությունից, նա ինձ մոտ հանձնեց քննություններ, որ ընդունվի Քննչական կոմիտե աշխատանքի, բայց ես նրան չընդունեցի ՔԿ-ում աշխատանքի։ Ես բացատրեցի, թե ինչու չեմ ընդունել, որովհետև դատախազ աշխատած ժամանակ քննիչներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ամենաշատ միջնորդագրերն ինքն է ուղարկել, և այդ միջնորդագրերի 90 տոկոսը կարգապահական հանձնաժողովում մերժվել է՝ անհիմն լինելու պատճառով։  Ես բացատրեցի, որ դու բարոյական իրավունք չունես այս կոլեկտիվում աշխատելու։ Ինչու ես թաքցնում, որ Հովսեփյանը քեզ աշխատանքի չի ընդունել, դրա համար էլ լարված հարաբերություններ ունես Հովսեփյանի հետ»,- ասաց Հովսեփյանն ու ընդգծեց, որ այս պարագայում Սասուն Խաչատրյանը պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել, ասեր՝ այս մարդը համ ինձ լավություն է արել, համ վատություն, ես չեմ կարող օբյեկտիվորեն քննել այս գործը։   

Աղվան Հովսեփյանի խոսքով՝ Սասուն Խաչատրյանը կարող էր գլխավոր դատախազին առաջարկել իր քրգործը հանձնել, օրինակ, ԱԱԾ-ին, որի հետ ինքը չի առնչվել, սակայն դա չի արել։ 

Աղվան Հովսեփյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, հակադարձելով դատախազի այն պնդմանը, թե Աղվան Հովսեփյանը պետք է մնա կալանքի տակ, նշեց, որ իր պաշտպանյալը 8 ամիս է՝ անազատության մեջ է, և կալանավորումն ամենախիստ միջոցն է խափանման։ Փաստաբանի դիտարկմամբ՝ ավելի մեղմ խափանման միջոց է պետք կիրառել։  

Նշենք, որ Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի (կաշառք ստանալը), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը՝ փողերի լվացումը) հատկանիշներով: