Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ. Հակակոռուպցիոն կոմիտե

Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ. Հակակոռուպցիոն կոմիտե
Իրավունք
18:52, 05 май 2022
ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի և նրա անվտանգության պետի պարտականությունները փաստացի կատարած Արշակ Հակոբյանի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին Civic․am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Գործն այսօր մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, նշված է հարցման պատասխանում:  

Հիշեցնենք, որ համաձայն Հակակոռուպցիոն կոմիետի տարածած հաղորդագրության՝ 2000-2018 թթ. ընթացքում պետական ծառայության տարբեր պաշտոններ զբաղեցրած Վլադիմիր Գասպարյանի, ինչպես նաև 2011-2018 թթ. վերջինիս անվտանգության պետի պարտականությունները փաստացի կատարած Արշակ Հակոբյանի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործերի նախաքննությամբ բացահայտվել են նշված անձանց կողմից կոռուպցիոն բնույթի բազմաթիվ չարաշահումներ կատարելու դեպքեր: Նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջիններս իրենց պաշտոնավարման տարիներին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, հովանավորչության և կոռուպցիոն հանցավոր այլ գործունեության արդյունքում ձեռք են բերել իրենց և ընտանիքի անդամների օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք, այդ թվում՝ թանկարժեք տներ և տրանսպորտային միջոցներ, որոնց հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով տարբեր եղանակներով, մասնավորապես՝ իրենց հետ փոխկապակցված անձանց անվամբ գրանցելու ձևական գործարքների միջոցով օրինականացրել են դրանք:  

Վերը նկարագրված հանցավոր արարքների կատարման համար Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 315-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ):
Արշակ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (երկու դրվագ):