Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Բացառվում է՝ որևէ ԶԼՄ-ի 5 մլն-ով տուգանի դատարանը, տուգանքների անգամ գործող չափերը քիչ են կիրառվել»․ փաստաբան

«Բացառվում է՝ որևէ ԶԼՄ-ի 5 մլն-ով տուգանի դատարանը, տուգանքների անգամ գործող չափերը քիչ են կիրառվել»․ փաստաբան
Իրավունք
17:06, 12 февраль 2021
Երեկ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած նախագիծը, որով  զրպարտության և վիրավորանքի համար սահմանված փոխհատուցման չափերի առավելագույն շեմը 5 անգամ բարձրանում է։ Օրինագիծը ներկայացվում է նաև որպես պայքարի միջոց՝ հատկապես պատերազմից հետո տարածվող մեդիատեռորի դրսևորումների դեմ։  

Նշենք, որ 2010թ․ մայիսից ապաքրեականացվել է զրպարտությունն ու վիրավորանքը։ Քաղաքացիական օրենսգրքով՝ պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման համար սահմանված են վիրավորանքի համար մինչև 1մլն, իսկ զրպարտության համար մինչև 2մլն ՀՀ դրամ։  

ԱԺ-ում երեկ բուռն քննարկում էր նոր նախագծի շուրջ, որոշ պատգամավորներ կողմ էին առավելագույն շեմ չսահմանելուն, որոշներն էլ կողմ էին նույնիսկ քրեկանացանելուն, այնուամենայնիվ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ վիրավորանքի համար մինչև 5մլն, իսկ զրպարտության համար մինչև 10մլն ՀՀ դրամ փոխհատուցման սահմանումով։ 

Civic.am-ի հետ զրույցում փաստաբան Արա Ղազարյանն ընդգծեց, որ փոխհատուցման չափազանց բարձր շեմերով այս նախագիծը քողարկված քրեական բնույթի հետապնդում է և պատիժ, քանի որ տասնյակ անգամ ավելի քիչ է Քրեական օրենսգրքով սահմանված տուգանքները, քան քաղաքացիական բնույթի փոխհատուցման եղանակը․ «Եկեք չմոռանանք, որ Սահմանադրական դատարանն ասել է՝  «Գումարը, որը պարտավորեցնում է դատարանը վճարել, դա իրավական պաշտպանության միջոց է, ոչ թե որպես տույժ, տուգանք կամ պատիժ»։ Բայց, եթե մենք քաղաքացուն ստիպում ենք վճարել 10․000 դոլար՝ ասենք 5մլն դրամ, երբ նման չափի տուգանք նույնիսկ քրեական օրենսգրքում սահմանված չէ, կարելի է համարել, որ սա քողարկված քրեական պատիժ է»,-ասաց մեր զրուցակիցը հավելելով, որ կարիք էլ չկա մտածել վիրավորանքը և զրպարտությունը նույնիսկ մասնակի քրեականացման մասին․ «Ես կարծում եմ որ սա քողարկված քրեական հետապնդում է, այլ ոչ թե քաղաքացիական բնույթի պաշտպանության միջոց»։
Փաստաբանից հետաքրքրվեցինք՝ գործող օրենքով, որն արդեն տասը տարի է գործում է, հաճախակի՞ են բարձր շեմերով տուգանքներ սահմանվել։

 Ի պատասխան մեր հարցի Արա Ղազարյանը նշեց, որ դատարանները բարձր շեմ սահմանում են հիմնականում ֆիզիկական անձանց նկատմամբ, սակայն մեծ գումարները կրկին քիչ են․ «Եթե պատասխանողը լրագրող կամ լրատվամիջոց է՝ 200․000-300․000 դրամ են սահմանում, նույնիսկ եթե խախտում է տեղի ունեցել՝ ելնելով հանրային շահից, ազատ խոսքը սահմանափելու խնդրից։ Հիմա բացառվում է, որ որևէ լրատվամիջոցի նկատմամբ 5մլն սահմանի դատարանը։ Պրակտիկայում դատարանները հակված կլինեն բարձր գումարներ սահմանել ֆիզիկական անձանց նկատմամբ»։ 

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը մեզ հետ զրույցում ևս ընդգծեց, որ այն առավելագույն պատիժը, որը վիրավորանքի և զրպարտության համար սահմանված է մինչ այսօր՝ դատարանները լրատվամիջոցների նկատմամբ չեն կիրառել․ «Շատ ավելի ցածր շեմեր են կիրառվել փոխհատուցման համար, եթե դատական պրակտիկան կշարունակի լինել այնպիսին, ինչպիսին նախկինում էր՝ ապա էլի մինչև այդ շեմերը դատական որոշումները չեն հասնելու»։ 

Մեր զրուցակցի տեսանկյունից այս նոր նախագիծը կարող է հոգեբանական ճնշում լինել և լրագրողի ու լրատվամիջոցի, և դատավորների համար․ «Դատավորները կարող են տեսնել ազդանշան իշխանությունից, որ իրենցից ակնկալվում է ավելի խիստ մոտեցում լրատվամիջոցների նկատմամբ»։

Նարա Մարտիրոսյան