Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատախազությունը ՀՔԾ՝ ուսումնասիրման է ուղարկել վարչապետի և ՊՆ-ի դեմ Օնիկ Գասպարյանի հաղորդումը

Դատախազությունը ՀՔԾ՝ ուսումնասիրման է ուղարկել վարչապետի և ՊՆ-ի դեմ Օնիկ Գասպարյանի հաղորդումը
Իրավունք
15:14, 26 март 2021
ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի փաստաբանի կողմից Դատախազություն ներկայացված հանցագործության մասին հաղորդումը սահմանված կարգով ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։ 

Այս մասին Civic.am-ին հայտնեցին ՀՀ Գլխավոր դատախազությունից։ Civic.am-ը արդեն տեղեկացրել է, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի ներկայացուցիչ Մարտիկ Մարտիրոսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն։ 

«Հանցագործության մասին հաղորդումը պաշտոնական լիազորությունները չարաշահելու հետ է կապված»,-մեզ հետ զրույցում մանրամասնել է ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանը։

Ըստ նրա՝ հաղորդման մեջ նշված է, որ պաշտոնական լիազորություններն առերևույթ չարաշահել են ՀՀ վարչապետն ու Պաշտպանության նախարարը․ «Դատարանի որոշում կա, որ Օնիկ Գասպարյանը պետք է շարունակի պաշտոնավարել և այս պայմաններում նշանակվել է ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար և չի ապահովվել Օնիկ Գասպարյանի պաշտոնավարումը, իսկ դրանից հետո նշանակվել է նոր շտաբի պետ՝ այն դեպքում, որ այդ պրոցեսը պետք է կասեցվեր»,-հավելել է փաստաբանը։

Մարտիկ Մարտիրոսյանի խոսքով՝ հղում են տվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն։ Նրա դիտարկմամբ՝ արարքը դիտավորյալ է կատարվել․ «Մեր կարծիքով առերևույթ առկա է այդ հոդվածի երկրոդ մասը՝ հնարավոր է դիտավորյալ կատարված արարքը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։ 

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու առաջարկ էր ներկայացրել ՀՀ նախագահին, սակայն նախագահը առաջարկը չէր ստորագրել և այդ հարցով չէր դիմել ՍԴ սահմանված ժամկետում։ Վարչապետի աշխատակազմը տարածել էր հաղորդագրություն, որ այդ պայմաններում Օնիկ Գասպարյանը համարվում է օրենքի ուժով ազատված։ Այնուհետև ԶՈՒ ԳՇ նախկին պետը հայց էր ներկայացրել Վարչական դատարան, որը վարույթ էր ընդունվել։ Դատարանը նաև կիրառել էր հայցի ապահովում և Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ Գասպարյանը պետք է շարունակեր պաշտոնավարել։ Սակայն այդ ընթացքում ՀՀ վարչապետի կողմից նշանակվել էր արդեն ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար, որից հետո էլ ԶՈւ ԳՇ նոր պետ։