Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ոստիկանները Երևան-Մեղրի ճանապարհին օտարերկրացու բեռնատարի կցորդիչի տակ 950գ հերոին և 1կգ մեթամֆետամին են հայտնաբերել

Ոստիկանները Երևան-Մեղրի ճանապարհին օտարերկրացու բեռնատարի կցորդիչի տակ 950գ հերոին և 1կգ մեթամֆետամին են հայտնաբերել
Իրավունք
19:21, 25 май 2022
Քրեական ոստիկանության, Վայոց ձորի մարզային վարչության, Եղեգնաձորի բաժնի և ճանապարհային ոստիկանության ծառայողների համագործակցությամբ Մայիսի 22-ին, ժամը 9.30-ին, Երևան-Մեղրի ճանապարհին՝ Ելփին գյուղի մոտ, օտարերկրացու վարած բեռնատարի կցորդիչի տակ հայտնաբերվել է 950գ հերոին և 1կգ մեթամֆետամին։ Վարորդը ձերբակալվել է.այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

«Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մի օտարերկրացի մաքսանենգ ճանապարհով թմրանյութ է բերում Հայաստան: Հայտնի էր նաև, որ տարբեր թմրամիջոցները նա թաքցնում է իր վարած բեռնատարի կցորդիչի տակ:

Տեղեկությունն իրացնելու համար քրեական ոստիկանության ծառայողները համագործակցեցին Վայոց ձորի մարզային վարչության, Եղեգնաձորի բաժնի և ճանապարհային ոստիկանության գործընկերների հետ:

Մայիսի 22-ին, ժամը 9.30-ին, Երևան-Մեղրի ճանապարհին՝ Ելփին գյուղի մոտ, օտարերկրացու վարած բեռնատարը կանգնեցվեց: 46-ամյա վարորդը բերման ենթարկվեց, իսկ կցորդիչով բեռնատարը տեղափոխվեց ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանության Եղեգնաձորի բաժնում քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների հատկանիշներով հարուցվեց քրեական գործ, որն ուղարկվեց Վայոց ձորի մարզային քննչական վարչություն: Նախաքննության ընթացքում, դատարանի որոշմամբ, բեռնատարն ու կցորդիչը խուզարկվեցին։ Պահեստային անվադողերի միջնամասում հայտնաբերվեց զոդված մետաղյա արկղ: Արկղում կար մեկ փաթեթ՝ 950 գրամ քաշով հերոինով, և երկու փաթեթ` յուրաքանչյուրը շուրջ կես կիլոգրամ մեթամֆետամինով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նՆշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն: Բեռնատարի վարորդը ձերբակալվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: