Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատախազությունն Առուշ Առուշանյանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել

Դատախազությունն Առուշ Առուշանյանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
Իրավունք
18:35, 26 май 2022
Դատախազությունը Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել: Տեղեկությունը «Լուրեր»-ին հայտնել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Առուշանյանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով մեղավոր էր ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու և ինքնիրավչության համար։

Դատարանը որոշել էր համայնքի ղեկավարին 5 տարի ժամկետով զրկել տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոն զբաղեցնելու իրավունքից, տուգանել նվազագույն աշխատավարձի 700-ապատիկի չափով, վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 6 ամիս 18 օր ժամկետով, որը պայմանականորեն չէր կիրառվել:

Առուշանյանը, սակայն արդարացվել էր ընտրողների ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու, ապօրինի ձեռնարկատիրության և ընդերքի պահպանման, օգտագործման կանոնները խախտելու հոդվածներով:

Դատախազությունն այժմ պահանջում է բեկանել արդարացման դատական ակտը, կայացնել նոր որոշում և գործով անցնող երեք ամբաստանյալներին, այդ թվում՝ Առուշանյանին, մեղավոր ճանաչել: